2018 թվականին Երևանում գրպանահատության 518 դեպք է արձանագրվել, բացահայտվել է՝ 334-ը: 2019 թվականին մինչև առ այսօր արձանագրվել է 363 դեպք, բացահայտվել է` 179-ը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության պետի տեղակալ Հարություն Անոյանը:
Նա՝ անդրադառնալով համացանցում լայն տարածում գտած գրպանահատության վերջին երկու դեպքերին նշեց, որ լրագրողի կողմից գրպանահատին նկարելու դեպքի գրպանահատը բերման է ենթարկվել, սակայն տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց, իսկ հետագայում՝ նաև բողոքից:
Անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ գրպանահատի լուսանկար հրապարակելու դեպքին, որ իրեն դանակով վնասել են, Անոյանը նշեց, որ անձը հայտնաբերվել է, բերման է ենթարկվել ոստիկանություն և տվյալ պահին նախապատրաստվում են նյութեր:
Անոյանի խոսքով, շատ դեպքերում երթուղայինի վարորդներն են նկատում, ահազանգում ոստիկանություն, իսկ գրպանահատները հարմար առիթ են ման գալիս, որ ընտրեն այն երթուղայինը, որն ավելի մարդաշատ է:
Գրպանահատությունը սահմանված է որպես հափշտակության տեսակ, որն ամրագրված է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին մասով` որպես հասարակ գողություն, քանի որ սանկցիան 100-ից մինչև 400 հազար դրամ տուգանք է նախատեսում, մեկից երկու ամիս կալանք, մինչև երկու տարի ազատազրկում: Սա վերաբերում է, երբ գողոնը 5000 դրամից 500 հազար դրամի սահմանում է:
Հետախուզության պետի տեղակալի խոսքով, Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում, որի ընդունման պարագայում մասնավոր մեղադրանքի գործ համարվող գրպանահատությունը կորակվի որպես հանրային մեղադրանք։ Նշված պարագայում տուժողի հետ հաշտվելու կամ բողոքի բացակայության դեպքում հնարավոր չի լինի գործի վարույթն ընդհատել: