ԱԺ-ն քննարկում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին օրինագիծը. ընդդիմադիր խմբակցությունները դեմ են նախագծին

Ազգային ժողովում քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին օրինագիծը: Նախատեսվում է ՄԻԵԴ ներկայացուցչի գրասենյակը առանձնացնել արդարադատության նախարարությունից:

Նախագծով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ կարող է նշանակվել 25 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին և անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ չի հասկանում  ներկայացուցչի գրասենյակի առանձնացումը:

«Այս օրինակը ցույց է տալիս, որ մենք էլի գտնվում ենք հին, խայտառակ մտածողության մեջ: Մի հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչու ենք այս օրենքը ընդունում, թե ինչու է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը առանձնանում: Մենք երեկ դեմ քվեարկեցինք, ինֆորմացիա կար, որ փոփոխություններ են լինելու, բայց չեղան: Դե, այդ դեպքում ես էլ առաջարկում եմ՝ ԴԱՀԿ-ն և ՔԿՀ-ն հանել արդարադատության նախարարության կազմից և մտցնել վարչապետի աշխատակազմ, միևնույն է, ղեկավարներին նշանակում է վարչապետը: Առաջարկում եմ սահմանադրական փոփոխություներ նախաձեռնել, գլխավոր դատախազությունը լուծարել, մտցնել պետական շահերի պաշտպանության վարչություն՝ վարչապետի աշխատակազմի մեջ»,-նշեց Մարուքյանը:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն էլ խորհրդարանում հայտարարեց, որ ճիշտ է, արդարադատության նախարարությունն էր զբաղվում ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ ներկայացված հայցերով, սակայն զբաղվում էր «մնացորդային» սկզբունքով:

«Շատ դեպքերում ծանրաբեռնված գրաֆիկի պարագայում հնարավոր չէր ՄԻԵԴ-ում ունենալ այն մոտեցումները, որոնք մեզ անհրաժեշտ էին, իսկ ՄԻԵԴ-ում մենք դեռ անելիքներ ունենք: Մենք բավականին կառուցողական ենք և հատկապես պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Հանձնաժողովը որոշել է ԲՀԿ-ի առաջարկը հաշվի առնել և նշել, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, առնվազն 5 տարվա իրավաբանի աշխատանքային փորձ, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին և անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,-նշեց Վլադիմիր Կարապետյանը:

Կառավարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունվեց 72 կողմ, 21 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել