Դանակահարություն՝ վրեժխնդիր լինելու շարժառիթով

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 51-ամյա համաքաղաքացուն:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Այսպես՝ Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տեղեկացել է, որ իր՝ ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում համաքաղաքացի տղամարդը՝ ծնված 1964 թվականին, մտերիմ հարաբերություններ է հաստատել իր ընկերուհու հետ: Պատժի կրումից հետո վերադառնալով՝ 55-ամյա տղամարդուն հորդորել է հեռու մնալ ընկերուհուց:

Այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար՝ 51-ամյա տղամարդը զանգահարել է ընկերուհուն, ով հրաժարվել է հանդիպել նրա հետ, իսկ տուժողը, զայրանալով պարբերական զանգերից, հեռախոսով հայհոյելով պահանջել է այլևս չզանգել:

Արդյունքում՝ իր հասցեին հնչեցված հայհոյանքներից վիրավորված և վրեժխնդիր լինելու նպատակով 51-ամյա տղամարդը գնացել է նախկին ընկերուհու բնակարան և, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 55-ամյա տղամարդուն՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս ու դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի՝ 1968թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել