Օրենքը նախատեսում է մի շարք միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել անձի պաշտպանությունը քրեական դատավարությունում:
Այսպես.
Դատարանի կողմից պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց նրա ինքնության մասին տվյալների հրապարակման, կարող է կատարվել կեղծանվան օգտագործմամբ: Պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել դատական նիստերի դահլիճից ամբաստանյալի և պաշտպանության կողմի ներկայցուցչին հեռացնելուց հետո:
Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել այնպիսի պայմաններում, որոնք բացառում են անձի ինքնության ճանաչումը: Այդ նպատակով կարող են օգտագործվել դիմակ, շպար, պաշտպանվող անձի ձայնը փոխող սարք և օրենքին չհակասող պաշտպանության այլ միջոցներ:
Պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց դատավարության մյուս մասնակիցների ակներև տեսանելիության, կարող է կատարվել տեսաձայնային և տեխնիկական այլ միջոցների օգնությամբ`դատավարության սահմանափակ շրջանակով մասնակիցների մասնակցությամբ` գաղտնիության պահպանման մասին նախազգուշացումով:
Բացառիկ դեպքերում դատարանը կարող է պշտպանվող անձին ազատել դատական նիստին մասնակցելու պարտականությունից` նրա կողմից նախկինում տրված ցուցմունքի գրավոր հաստատման առկայության դեպքում: Անհրաժեշտության դեպքում դատական նիստի նախագահողը կարող է դատաքննության ընթացքում արգելել տեսաձայնային և այլ միջոցներով հարցաքննության տեսաձայնագրառումը:
Աղբյուրը`Իրավաբան.net