Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը երաշխավորվում է օրենքի, մարդասիրության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:
Հոգեկան խանգարումներ ունեցող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և ազատությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք մասնավորապես իրավունք ունեն`
1) հաստատելու նամակագրական կապ.
2) օգտվելու հեռախոսակապից.
3) հանդիպելու այցելուների հետ.
4) ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվելու անձնական հագուստից.
5) հաղորդակցվելու թերթերի և լրագրերի միջոցով.
6) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
7) օգտվելու սոցիալական ապահովության իրավունքից.
8) ստանալու իրավաբանական օգնություն.
9) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից.
10) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.
11) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.
12) տալու համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու բուժական մեթոդներից և միջոցներից, եթե դրանք կիրառվում են գիտական կամ փորձարարական նպատակներով, ուղեկցվում են լուսա-տեսա և կինոնկարահանումներով.
13) պահանջելու իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին.
14) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին.
15) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.
16) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների.
17) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.
18) հետազոտման, բուժման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին:
Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձինք իրազեկվում են իրենց իրավունքների, հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:
Աղբյուրը` Իրավաբան.net