Հունիսի 25-ին «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա»-ն բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանությանը։ Նամակում մասնավորապես ասված է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները դառնում են գրպանահատության զոհ՝ իրավիճակը գնահատելով որպես «կազմակերպված հանցավորություն»։
Ոստիկանությունից հայտնում են, որ կազմակերպված հանցավորությունը նեղ իրավաբանական հասկացություն է, ինչը որևէ աղերս չունի նամակում բարձրաձայնված խնդրի հետ։
«Զբոսաշրջությամբ զբաղվողները, գոնե, պետք է տեղեկացված լինեին, որ աշխարհի բոլոր երկրներում էլ զբոսաշրջիկների հետ միջադեպեր պատահում են։ Ավաղ, մեր երկրում նույնպես նման դեպքեր արձանագրվում են, սակայն այլ երկրների հետ համեմատած՝ դրանց թիվը շատ չէ։ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես և գրպանահատության դեմ պայքարող հատուկ մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները ակնհայտ իրականացնում են ամենօրյա աշխատանք՝ գրպանահատության դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Ասվածի լավագույն վկայությունը ամեն օր բացահայտվող գրպանահատության դեպքերն են։ Չենք հերքում, այո, պատահում են դեպքեր, երբ գրպանահատությունից տուժում են նաև զբոսաշրջիկները, սակայն դրանք կարճ ժամանակում բացահայտվում են։ Ասվածի ապացույցը վերջերս զբոսաշրջիկի նկատմամբ կատարված ծանր հանցագործության՝ ավազակային հարձակման դեպքի օպերատիվ բացահայտումն էր։ Զբոսաշրջիկը գոհունակությամբ լքեց մեր երկիրը՝ վստահ, որ այստեղ ոստիկանն իր տեղում է։ Նման օրինակները բազմաթիվ են, որոնց վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել։ ՀՀ ոստիկանությունը գնահատում է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» մտահոգությունը, սակայն այն չի կիսում։ Խնդրով վաղուց մտահոգ ՀՀ ոստիկանությունն այդ ուղղությամբ մշտապես գործնական քայլեր է ձեռնարկել ու շարունակում է ձեռնարկել՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ։ Արդյունքներն ավելի տպավորիչ կլինեին, եթե հիշյալ ասոցիացիան և, առհասարակ, խնդրով մտահոգ անհատներն ու կազմակերպությունները գործնական քայլեր ձեռնարկեն՝ ՀՀ ոստիկանությանը աջակցելու և սատարելու առումով։ Վստահաբար, այդ համագործակցության շնորհիվ արդյունքներն առավել շոշափելի կլինեին»,-նշված է հայտարարության մեջ։