«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով փոփոխվում են hանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները: Առաջարկվում է օրենքից դուրս բերել անկախ մասնագիտացված խորհրդի կողմից մրցույթի անցկացման կարգը, որն ապահովում էր նաև քաղաքացիական հասարակության մասնակցությունը նշյալ գործընթացներին։
Բացի այդ, առաջարկվող իրավակարգավորամբ հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող քաղաքական ուժը՝ 1-ը Կառավարության կողմից և 2-ը՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին ևս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության։
Նախագծով նաև նախատեսվում է փոփոխություն հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջներում, մասնավորապես՝ հանվել են անկախության, սուվերենության և պրոֆեսիոնալության մի շարք երաշխիքներ, ինչպիսիք են վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և մշտապես ՀՀ-ում բնակվելու, ինչպես նաև ճանաչում ունենալու պահանջները, աշխատանքային ստաժի պահանջն իջեցվել է՝ նախատեսելով ընդամենը 5 տարի ժամկետ, սակայն նախատեսվել է 3 տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու պահանջ։
Օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողով է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը նշեց, որ այս նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ն կրկնում է Քենիայի սխալը:
Նշենք, որ նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և դատապարտել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները, որը շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։ Դրանք վերաբերվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման կարգի փոփոխություններին։
«Բացի այդ, նման կարևորության փաստաթուղթը չի ներկայացվել հանրային քննարկման` նույնիսկ ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ»,-նշվել է հայտարարության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում