2019-ին մերժվել է հարկ վճարողների բողոքների ընդամենը 35 տոկոսը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների  ներկայացրած բողոքները, որոնք վերաբերում են հարկային կամ մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության հետևանքով, իրենց կարծիքով, ոչ արդարացի որոշումների կայացմանը: Ըստ կարգի, նիստում նախ լսում են տնտեսվարողներին, նրանց  հիմնավորումներն ու փաստարկները, ապա փորձում մանրամասն հարցերի միջոցով ամբողջացնել իրական պատկերը, ինչից հետո հանձնաժողովը որոշում է կայացնում:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից:

Հարկ վճարողների դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտումների վերաբերյալ ակտերը, չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներն անվավեր ճանաչելուն: Հանձնաժողովում արձանագրել են, որ ընդհանուր առմամբ, 2019 թվականին զգալի ավելացել է բողոքների քանակը, ինչը ՊԵԿ-ի հանդեպ  տնտեսվարողների վստահության մասին է խոսում: Ըստ այդմ, ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները: Հունվար-մայիս ամիսների ընթացքում հանձնաժողովը քննության է առել մոտ 760 դիմում, այնինչ, անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է ընդամենը 272: 2019-ին մերժվել է հարկ վճարողների բողոքների ընդամենը 35 տոկոսը, իսկ 65 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել կամ կարճվել է:

Հիշեցնենք, որ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դիմում-բողոք ներկայացրած անձի համաձայնությամբ, նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել կամ տեսագրել ցանկացած անձ, այդ թվում` ԶԼՄ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել