Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնում են. «ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և խնդիր չունի ու նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։ Այսօր նրա հետ տեսակցել են նաև Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։
Դեսպանության դիվանագետները նաև հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև և նաև ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաև ձերբակալվածի և նրա ծնողի միջև։
Դեսպանությունը նաև իր իրավաբանի միջոցով բողոք է ներկայացրել դատարան, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի»:
Գործի շրջանակներում հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կտեղեկացնի ամենասեղմ ժամկետներում։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Իվետա Տոնոյանը և Արփի Դավոյանը ներկա են եղել Վրաստանի խորհրդարանում սկիզբ առած վիճաբանությանը: