Ազգային ժողովի պատագամավոր Գևորգ Պապոյանը առաջարկում է փոփոխություններ կատարել աշխատանքային օրենսգրքում:
Նախագծի համաձայն՝ այն գործատուները, ովքեր ունեն 10 և ավելի աշխատողներ, աշխատավարձի վճարումները պետք է կատարեն անկախնիկ եղանակով:
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական նախաձեռնությունը:
Հիմնավորման մեջ պատգամավորը նշել է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում առկա է բավականին մեծ չափով ստվերային տնտեսություն, որի առկայությունը նաև զգալի չափով պայմանավորված է մանրածախ ոլորտում կանխիկ շրջանառության առկայությամբ: Այս քայլով վստահաբար կնվազեցվի նաև կանխիկի շրջանառությունը, քանի որ անկանխիկ ստացած աշխատավարձով անկանխիկ գնումները կլինեն շատ ավելին, քան այն դեպքում, երբ քաղաքացին ստանում է աշխատավարձը կանխիկով և ըստ էության հազվադեպ կլինեն դեպքերը, երբ նրանք այդ գումարը կգցեն հաշվեհամարների վրա և կօգտագործեն անկանխիկ եղանակով»:
Գևորգ Պապոյանը նշում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն ավելացնել անկանխիկ շրջանառության ծավալը մանրածախ առևտրում և ծառայությունների ոլորտում, ինչը կհանգեցնի ստվերային տնտեսության կրճատման և բյուջեյի մուտքերի ավելացման, ինչպես նաև կզարգացնի անկանխիկ առևտրի մշակույթն ու կվերացնի այն արատավոր պրակտիկան, որը գործնականում առկա է որոշ ընկերություններում, երբ աշխատավարձի մնացորդային հատվածը, որը պետք է վճարվի մանրադրամներով, չի վճարվում քաղաքացուն:
Oրենքն ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1-ից: