ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտում է, որ բավականին տևական ժամանակ է, ինչ քաղաքացի Վահագն Ղուկասյանի կողմից ֆեյսբուքյան տիրույթում (և ոչ միայն) տարօրինակ գրառումներ և են կատարվում և հայտարարություններ հնչում ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ իր անձի վերաբերյալ, որոնք աստիճանաբար տեղափոխվում են անձնական տիրույթ և համեմվում հերհյուրանքներով։
«Այո, ես հանդիսանում եմ «Փի-էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ (աուդիտորական, հաշվապահական և հարկային խորհրդատվական ծառայություններ մատուցող) ընկերության հիմնադիր բաժնետերերից մեկը և այսօր էլ ունեմ այնտեղ 15 տոկոս բաժնեմասնակցություն՝ տրված հավատարմային կառավարման։ Այս ընկերությունը որևէ մութ պատմությունների կամ օվծորային սկանդալների մասնակից չէ, ինչպես պնդում է պարոն Ղուկասյանը։ Նրա պնդումը նույնիսկ ծիծաղելի է և այս գրառման հիմնական նպատակը այդ անհեթեթ հայտարարությունը հերքելը չէ, այլ՝ սույն պարոնի՝ նման հայտարարություններով ու վարկաբեկելու ցանկությամբ հանդես գալու իրական դրդապատճառների մասին հանրությանը հայտնեն է, քանի որ չտեղեկացվածությունը կարող է հանրության մոտ սխալ կարծիքների ձևավորման առիթ հանդիսանալ։
Վահագն Ղուկասյանը, ըստ իր հայտարարության, քաղաքական դրդապատճառներով տասնյակ տարիներ գտնվելով արտերկրում՝ Ֆրանսիայում, որոշում է կայացրել վերադառնալ Հայաստան և իր անձնական բեռները Հայաստան բերելուց հետո կանգնել է դրանք մաքսազերծելու խնդրի առաջ, որը մենք փորձել ենք կարգավորել, սակայն ապարդյուն՝ իրավական և այլ խոչընդոտների պատճառով։ Հիմա հերթով։
ԵԱՏ հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ.-ի թիվ 107 որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, մշտական բնակության ժամանող անձանց համար նախատեսված մաքսային վճարների արտոնությունները կիրառելի են այն անձնական օգտագործման օգտագործված ապրանքների նկատմամբ, որոնք բավարարում են նույն կետով նախատեսված մի շարք չափանիշների՝ այդպիսի չափանիշներից են օրինակ՝ ապրանքների տեղափոխված լինելը ֆիզիկական անձի նախորդ բնակության երկրից, այդ ապրանքների ձեռք բերումը՝ նախքան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար անդամ պետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրը և այլն։
Քննարկվող դեպքում՝ քաղաքացու կողմից չեն ներկայացվել` ապրանքները վերջին բնակության երկրից, տվյալ դեպքում` Ֆրանսիայից արտահանվելու փաստը հիմնավորող փաստաթղթեր, իսկ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ ապրանքները արտահանվել են Բուլղարիայից, ապրանքներն արտահանող կողմը հանդիսացել է ոչ թե քաղաքացին, այլ ինչ որ ընկերություն, իսկ Բուլղարիայից ապրանքների տեղափոխման փաստը հաստատող նավային բեռնագրի և Վրաստանում լրացված տարանցման հայտարարագրի համաձայն, ապրանքների քաշը կազմել է 400 կգ (մինչդեռ՝ ՀՀ ներմուծված և քաղաքացու կողմից արտոնությամբ ձևակերպելու կապակցությամբ ՀՀ ՊԵԿ ներկայացված դիմումում` ապրանքների քաշը կազմում է 1085 կգ)։
Տեղեկացնում ենք, որ քաղաքացին հրավիրվել է ՀՀ ՊԵԿ, տեղեկացվել օրենքի վերոնշյալ պահանջների հիմնավորման համար լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին, արդյունքում՝ քաղաքացին հրաժարվել է ներայացնել լրացուցիչ հիմնավորումներ։
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ առկա փաստաթղթերի հիման վրա արտոնության կիրառման հարցի կապակցությամբ ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, որի արդյունքում ներկայացված մասնագիտական եզրակացության հիման վրա, սույն թվականի հունիսի 18-ին քաղաքացուն տեղեկացվել է, որ խնդրո առարկա ապրանքնեի նկատմամբ մաքսային վճարների արտոնության կիրառման հարցի հետագա քննարկման համար, անհրաժեշտ է ՀՀ ՊԵԿ ներկայացնել՝ ապրանքները Ֆրանսիայից առաքված (արտահանված) լինելու և ապրանքի քաշի անհամապատասխանության վերաբերյալ փաստարկների կապակցությամբ՝ օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանություններով փաստաթղթային հիմնավորումներ։
Հարկ եմ համարում նշել նաև, որ Վրաստանի տարածքով մինչև Հայաստանի Հանրապետության սահման և մինչև Արարատյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության 2-րդ բաժին (Նորագավիթ) քաղաքացին ապրանքները տեղափոխել է անձամբ՝ սեփական ավտոմեքենայով, և մաքսատուն-վարչությունում արձանագրվել է՝ թե վրացական և թե հայկական կողմի կապարակնիքների պոկված լինելու հանգամանքը։
Հայտնում ենք նաև, որ բացի վերոշարադրյալից ավտոմեքենան, որով տեղափոխվել են ապրանքները հաշվառված չի եղել Ֆրանսիայում։
Ինչքան էլ որ կարող է հասկանալի լինել Վահագն Ղուկասյանի վրդովմունքը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մենք առաջնորդվել ենք բացառապես իրավակարգավորումների շրջանակներում, որոնք շատ դեպքերում լինում են իմպերատիվ և հուզականությունից զերծ, հետևաբար, դրանցով առաջնորդվելն ու դրանց խստագույն պահպանելը կարող է առաջացնել «անհարմարություններ» մեր հայրենակիցների մոտ։
ՀՀ ՊԵԿ համապատասխան աշխատակիցներն այս պահին էլ են զբաղվում քաղաքացի Վահագն Ղուկասյանի խնդրով և ցանկանում եմ հավատացնել, որ մենք գործում և գործելու ենք բացառապես իրավակարգավորումների շրջանակներում»,-նշում է Անանյանը։