«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:
Այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրության հարցը:
Գրիգոր Բեքմեզյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները արգելափակելուն:
Իրավաբանի խոսքով՝ Հայաստանը դեռ գտնվում է հետհեղափոխական փուլում և ժողովրդի կամքը դեռ գերակա է այն գործողությունների նկատմամբ, որոնք գործադիր և օրենսդիր մարմինները փորձում են անել. «Կոչ արվեց ժողովրդին, դա պարտադրանք չէր: Թող ուրիշներն էլ կանգնեն ու հորդորրեն արգելափակել դատարանի դռները, ոչ թե կոնկրետ գործով, այլ ընդհանրապես: Չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ դուռ կարգելափակի»:
Հարցին, թե կա արդյոք այդտեղ սահմանդրական դրույթի խախտում, թե ոչ, Բեքմեզյանը պատասխանեց. «Սահմանադրությունն ասում է՝ «խոչընդոտել արդարադատության իրականացմանը»: Ես դա հասկանում եմ կոնկրետ գործով արդարադատության իրականացմանը խոչընդոտել, ոչ թե դատարանի դռները փակելը: Այսինքն, կոնկրետ գործով թույլ չտալ, որ դատավորը կայացնի դատական ակտ, բայց ոչ որպես հրատապ գործողություն կոչ անել ժողովրդին ցույց տալ իր կարծիքը դատական համակարգի նկատմամբ»: