«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մեղադրվում են յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

 

Ինչպես հայտնում են դատախազությունից` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության վերաբերյալ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջեւ 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի անտառային հողերի անտառապատման ծրագրի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության պատասխանատու աշխատակիցները 2009թ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով կատարել են հավելագրումներ` յուրացնելով խոշոր չափի գումար:

 

Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան այն պաշտոնատար անձինք, ովքեր պարտավոր են հսկելու եւ ստուգելու կատարված աշխատանքների որակն ու ծավալը, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիակնության քննչական գլխավոր վարչություն:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել