Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեսրոպյանը, ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը հունիսի 13-ին աշխատանքային հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանում։ Հանդիպմանը ներկա էր ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը և ՍԴ աշխատակիցներ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Սահմանադրական դատարանի 2020-2022թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև դիտարկումներ են արվել՝ առաջարկելով կատարել փոփոխություններ ծրագրային միջոցառումներում։
Մասնավորապես նշվեցմ, որ նորարարական էլեկտրոնային գործիքների կիրառումը, դատական պրակտիկայի սխալների բացահայտմանն ուղղված վերլուծական գործիքների նարդրումը հնարավորություն կտան վեր հանել դատավորների համար դասընթացների և վերապատրաստումների թեմաները՝ հիմնվելով նրանց կողմից պրակտիկայում կատարված սխալների և բացերի վրա։
Հիմք ընդունելով, որ ՍԴ դատավորների նկատմամբ գիտական չափանիշների, մասնագիտական ունակությունների և արհեստավարժության պահանջները ավելի բարձր են, առաջարկվեց, որ ՍԴ-ի ռազմավարական ուղղություններից մեկը լինի դատական տարբեր ատյանների դատավորներին վերապատրաստելը։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետները իրենց պատրաստակամությունը հայտնեցին օժանդակելու բյուջետային հայտում անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար, իսկ առաջիկայում ՍԴ-ին կներկայացվի առաջարկությունների փաթեթ: