Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունենալու դեպքում:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ ընտրական օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:
Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները:
Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները, ձերբակալված կամ կալանավորված անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել:
Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները) քվեարկությանը մասնակցում են օրենսգրքով սահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու դեպքում:
Աղբյուրը` Իրավաբան.net