56- ամյա տղամարդը ՔԿԱԳ սենյակ նռնակ է գցել, որը պայթել է և վնասել տարածքը․ ոստիկանություն

Հունիսի 9-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդիի քաղաքապետարանի շենքում գտնվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակի ապակիները կոտրված են, հայտնում են ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, նռնակ են գցել սենյակ, որը պայթել է և վնասել տարածքը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ և կասկածանքով բաժին բերման են ենթարկել Վեդիում ապրող 56-ամյա մի տղամարդու։ Նախնական տվյալներով՝ Վեդիի քաղաքապետարանը բնակության վայր չունեցող կասկածյալին սենյակ է հատկացրել։ Նա բացասական վարքագիծ է դրսևորել, հաճախակի ալկոհոլ է օգտագործել՝ խաթարելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։ Այդ իսկ պատճառով քաղաքապետարանի պարետը պահանջել է, որ նա լքի տարածքը։ Տղամարդը, այս որոշումից սրտնեղված, նռնակը նետել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակ։ Թեև հանրապետությունում ՏԻՄ ընտրություններ են, սակայն նշված դեպքը ընտրությունների հետ որևէ առնչություն չունի։ Այս պահին իրականացվում է դեպքի վայրի զննություն։ Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել