Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Պարտավորությունում որպես կողմ` պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ:
Պարտապանի կողմում պարտավորությանը մասնակցող անձանցից մեկի նկատմամբ պարտատիրոջ պահանջների անվավերությունը, ինչպես նաև այդ անձի նկատմամբ պահանջի հայցային վաղեմության ժամկետի ավարտվելն ինքնին չեն շոշափում մնացած անձանց ուղղված նրա պահանջները:
Եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա և միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել:
Պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար:
Օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում պարտավորությունը կարող է կողմերից մեկի կամ երկուսի նկատմամբ իրավունքներ ստեղծել երրորդ անձանց համար:
Աղբյուրը` Իրավաբան.net