Նախնական քննության ընդհանուր պայմանները

Որպես կանոն, քննչական գործողությունների իրականացումը գիշերային ժամերին չի թույլատրվում, բացառությամբ անհետաձգելի դեպքերի: Քննչական գործողություններ իրականացնելիս անթույլատրելի են նախնական քննության մասնակիցների նկատմամբ բռնության, սպառնալիքի և անօրինական այլ գործողությունների գործադրումը, ինչպես նաև նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր պայմանների ստեղծումը:

 

Քննիչը, քննչական գործողությունների իրականացմանը ներգրավելով կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին կամ իրավահաջորդներին, ինչպես նաև օրենքով նախատեսված անձանց, ճշտում է նրանց ինքնությունը, բացատրում իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև քննչական գործողության իրականացման ընդհանուր կարգը: Եթե քննչական գործողության իրականացմանը մասնակցում են տուժողը, վկան, փորձագետը կամ թարգմանիչը, ապա քննիչը նրանց համապատասխանաբար նախազգուշացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 338-րդ, 339-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

 

Քննիչն իրավունք ունի քննչական գործողության իրականացմանը ներգրավելու օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց, ինչի մասին նշում է կատարվում համապատասխան քննչական գործողության արձանագրությունում:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել