Տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են տոնում Նոր տարին և ունեն տարբեր սովորույթներ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝ որպես առավել արտասովոր սովորույթներ:
Կուբայում Նոր Տարվա նախօրեին բոլոր դույլերը, թասերը լցնում են ջրով և կեսգիշերին պատուհանից դուրս թափում: Այդպիսով անցնող տարուն ցանկանում են ջրի պես լուսավոր ճանապարհ: Մինչ ժամացույցը խփում է տասներկու անգամ, անհրաժեշտ է խաղողի տասներկու հատիկ ուտել ,և այդ դեպքում մարդուն ամբողջ տարվա ընթացքում կուղեկցեն համերաշխությունը, խաղաղությունը և բարեկեցությունը:
Ճապոնիայում Նոր Տարվա գիշերը 108 անգամ զնգում են զանգերը: Յուրաքանչյուր հարված համապատասխանում է որևէ արատի` ագահություն, հիմարություն, չարություն, թեթևամտություն, անվճռականություն և նախանձ: Ամեն մի արատ ունի տասնութ տարբեր երանգ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 108:
Չինաստանում Նոր Տարին նշվում է ավելի ուշ, քան ավանդական եվրոպականը. այդ տոնը գալիս է փետրվարի վերջին: Չինական Ամանորի բնորոշ հատկանիշները համարվում են ճայթուկներն ու հրավառությունը: Չինացիները հավատացած են, որ ինչքան շատ լինեն լույսերը, այնքան երջանիկ կլինի գալիք տարին:
Իտալական ավանդույթի մասին գիտեն գրեթե բոլորը: Իտալիայում նույնպես կարծում են, որ Նոր տարին պետք է դիմավորել` ազատվելով հին իրերից, վատ ու տխուր հիշողություններից: Իտալացիները պահպանել են դեկտեմբերի 31-ի գիշերը պատուհանից հին իրերը դուրս նետելու սովորույթը: Ընդհանրապես Եվրոպայի շատ երկրներում կա հնուց ձևավորված «առաջին օրվա մոգություն» կոչվող մի սովորույթ, որի համաձայն տարվա առաջին օրվա պահվածքով որոշում են, թե ինչ է սպասվում տվյալ մարդուն գալիք տարում: Այդ պատճառով բոլորն այդ օրը նոր շորեր են հագնում և աշխատում պարտք չվերցնել: Շատ երկրներում կեսգիշերին երազանք են պահում` հավատալով գալիք տարում դրանց իրականացմանը:
Իսպանիայում, Պորտուգալիայում և եվրոպական այլ երկրներում խաղողի վազը հնուց համարվում է ընտանեկան երջանկության, սիրո և օջախի խորհրդանիշ: Այստեղ տարեմուտի գիշերը` ժամացույցի վերջին տասներկու զանգերի հետ, տասներկու հատիկ խաղող են ուտում և գալիք տարվա բոլոր ամիսների համար երազանք պահում:
Բելգիայում բոլոր ազգականները հավաքվում են տոնական սեղանի շուրջ, և բոլոր տներում երեք րոպե հանգցնում են լույսը` այդ ժամանակն անվանելով ամանորյա համբույրների րոպեներ, որոնց գաղտնիքը պահում է մթությունը:
Շոտլանդիայում կարծում են, որ ով Ամանորին առաջինը մտնի իրենց տուն, նրանից է գալու եկող տարվա հաջողությունը: Ըստ հավատալիքների` մեծ հաջողություն է բերում թուխ մազերով տղամարդը, ով նաև նվերներ ունի: Այստեղ բուխարիում մեծ կրակ են վառում և տասներկու զանգերին սպասելիս ամբողջ ընտանիքով հավաքվում շուրջը: Տոնի ընթացքում ամենուր փոխանակվում են ողջույններով ու բարեմաղթանքներով, գրկում ու համբուրում են բոլոր բարեկամներին ու ազգականներին, կենացներ հնչեցնում` միմյանց մեծ երջանկություն և ուրախություն մաղթելով:
Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:
Հյուսիսային Ամերիկայում 1976 թ.-ից գործում է ավանդույթ, որի համաձայն՝ Ամանորը տոնում են ալկոհոլից հրաժարված, այսինքն՝ Ամանորի առաջին գիշերը ոչ ոք ալկոհոլ չի օգտագործում:
Ավանդույթներից առավել ուսուցանելին ու օգտակարը, կարծում ենք, կարող է լինել վերջինը, քանի որ Ամանորի տոնը պետք է ասոցացվի տոնական տրամադրության ու միջավայրի հետ, այլ ոչ թե առատ ուտելիքների ու խմիչքների:
Արփինե Եղիկյան
Աղբյուրը`Իրավաբան.net