Ուսումնական հաստատության գործունեությանը տրվում է ներքին և արտաքին գնահատական, որոնց չափանիշները և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ներքին գնահատումը ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է։ Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են վարչական և մանկավարժական աշխատողները, սովորողները և ծնողները։
Ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, ծնողական, աշակերտական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև ապահովում դրա հրապարակումը:
Ուսումնական հաստատության արտաքին գնահատման նպատակը դրա գործունեության արդյունավետության գնահատումն է` նմանատիպ մյուս հաստատությունների համեմատությամբ։ Արտաքին գնահատման չափանիշները միասնական են բոլոր ուսումնական հաստատությունների համար:
Արտաքին գնահատումը կատարվում է ուսումնական հաստատության գիտությամբ` անկախ կազմակերպության կողմից:
Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, սովորողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները։
Ուսումնական հաստատության արտաքին գնահատումն իրականացվում է սովորողին մատուցվող կրթական ծառայությունների որակի և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտների համապատասխանության հիման վրա:
Արտաքին գնահատման ընթացքում օգտագործվում են Կրթության և գիտության նախարարության իրականացրած տեսչական ստուգումների արդյունքները։
Կրթական ծառայությունների որակի գնահատման հիմքը ուսումնական հաստատությունների միջին վիճակագրական տվյալների ցուցանիշներն են:
Շրջանավարտների համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին որոշվում է Կրթության և գիտության նախարարության կազմակերպած ամփոփիչ ատեստավորման արդյունքներով:
Արտաքին գնահատման արդյունքներով Կրթության և գիտության նախարարությունը հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը:
Աղբյուրը` Իրավաբան.net