Ինչպե՞ս է նախապատրաստվում քվեարկությունը

Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները:

 

Քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, փաթեթավորված կնիքը, դրոշմակնիքը, հանձնաժողովի անդամների անհատական կնիքները պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում: Դրանց պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել Ընտրական օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում:

 

 

Ընտրողների գրանցման, ընտրողներին քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնելու և քվեարկության ծրարները կնքելու համար տեղամասային կենտրոններում տեղադրվում են աշխատանքային սեղաններ: Ընտրողների գրանցման և ընտրողներին քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատատեղերից յուրաքանչյուրի միջև նախատեսվում է առնվազն մեկ աշխատատեղ վստահված անձի համար: Եթե ընտրողների գրանցում իրականացնող և ընտրողներին քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող երկու անդամներն էլ նշանակված են խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից, ապա վստահված անձի համար նախատեսված աշխատատեղը զբաղեցնելու նախապատվության իրավունք ունի խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրա առաջադրած թեկնածուի վստահված անձը, ընդ որում առավել մեծ խմբակցություն ունեցող կուսակցության վստահված անձն ունի առաջնություն: Հակառակ դեպքում այդ տեղը զբաղեցնելու նախապատվության իրավունք ունի խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրա առաջադրած թեկնածուի վստահված անձը, ընդ որում առավել մեծ խմբակցություն ունեցող կուսակցության վստահված անձն ունի առաջնություն, եթե այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նշանակած հանձնաժողովի անդամը գործառույթ չի իրականացնում:

 

 

Քվեատուփը, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են ընտրական տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

 

 

Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ փակցվում են քվեաթերթիկների նմուշները, Հանրապետության Նախագահի թեկնածուների կենսագրություններով ու լուսանկարներով պաստառ, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները:

 

 

Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են այդ օրը` մինչև ժամը 24.00-ն, ստորագրել կամ սեփական դրոշմով դրոշմել կամ անհատական կնիքով կնքել բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների բոլոր էջերը (ստորագրությունները, դրոշմը, անհատական կնիքը դրվում են քվեաթերթիկների և ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում)՝ գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելով և համապատասխանաբար դնելով ստորագրության, դրոշմի, անհատական կնիքի նմուշները: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո հանձնաժողովի անդամների անհատական կնիքները պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել