Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին անգործունակ է ճանաչվել (հոգեկան խանգարումը, որի հետևանքով անձը չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք), դատարանը նրան գործունակ է ճանաչում:
Դատարանին դիմելու իրավունք ունեն խնամակալը, ընտանիքի անդամը կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունը: Դատարանը վճիռ է կայացնում ապաքինվածին գործունակ ճանաչելու մասին՝ դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա:
Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը:
Ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած անձի գործունակության սահմանափակումը կարող է վերացվել այդ հիմքերի վերացման դեպքում: Գործունակության սահմանափակումը դատարանի վճռով կարող է վերացվել այդ քաղաքացու, նրա հոգաբարձուի կամ ընտանիքի անդամի դիմումի հիման վրա:
Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net