Ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցումը մերժելու հիմք կարող է հանդիսանալ`
ա) ապահովադրի կամ երրորդ անձի կողմից, որի օգտին կնքվել է ապահովագրության պայմանագիրը,ապահովագրական պատահարի առաջացմանն ուղղված կանխամտածված անօրինական գործունեությունը.
բ) ապահովադրի կողմից ապահովագրողին ապահովագրության օբյեկտի վերաբերյալ դիտավորյալ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը.
գ) վնաս պատճառած անձի կողմից ապահովադրի գույքին հասցված վնասի հատուցման հանգամանքները.
դ) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր:
Ապահովագրության պայմանագրով կարող են նախատեսվել ապահովագրական հատուցման մերժման նաև այլ պայմաններ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Ապահովագրական հատուցումը մերժելու որոշումն ընդունվում է ապահովագրողի կողմից և ապահովադրին գրավոր տեղեկացվում է մերժման հիմնավորված պատճառների մասին:
Ապահովագրական հատուցումը մերժելու մասին ապահովագրողը պարտավոր է հայտնել ապահովադրին երեսուն օրվա ընթացքում այն պահից սկսած, երբ վերջինս դիմել է ապահովագրական հատուցում ստանալու համար, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցում վճարելու մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
Ապահովագրական հատուցման վճարումը կարող է հետաձգվել, եթե ապահովադրի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` կապված ապահովագրական պատահարի առաջացման հետ:
Աղբյուրը` Իրավաբան.net