Կարող է առաջանալ իրավիճակ, երբ ծնված երեխայի ծնողները իրենք լինեն երեխա՝ անչափահաս: Այս պարագայում առաջ է գալիս նոր ծնված երեխային դաստիարակելու ու խնամելու հարցը:
Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ունեն իրենց երեխայի հետ համատեղ ապրելու և նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունքներ։
Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաև նրանց մայրությունը և (կամ) հայրությունը որոշելիս ծնողները ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները:
«Մինչև անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը անչափահաս ծնողների հետ համատեղ կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը: Երեխայի խնամակալի և անչափահաս ծնողների միջև առաջացած տարաձայնությունները կարգավորում է խնամակալության և հոգաբարձության մարմինը»,- Իրավաբան.net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն իրավունք ունեն ընդհանուր սկզբունքներով ընդունելու կամ վիճարկելու իրենց հայրությունը և մայրությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net