Ոստիկանները հայտնաբերել են 2018-ի ապրիլին Էջմիածնի հրապարակում սպանություն կատարած անձին

Մայիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ իրացնելով, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել սպանության մեղադրանքով հետախուզվող 52-ամյա մի տղամարդու։

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Էջմիածնում հաշվառված տղամարդը հետախուզվում էր անցած տարվա հունիսի 7-ից, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի ապրիլի 23-ին Էջմիածնի Կենտրոնական հրապարակում։ Կոմիտասի հուշարձանի մոտ ծագած վեճի ընթացքում 52-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել էր Էջմիածնի մի բնակչի նրա կրծքավանդակին։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդը դեպքից երեք ժամ հետո մահացել էր։ Հարուցվել էր քրեական գործ սպանության հատկանիշներով։ Անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով դեպքի մի շարք հանգամանքներ պարզելուց հետո որոշում էր կայացվել 52-ամյա տղամարդուն ներգրավել որպես մեղադրյալ և հայտարարել հետախուզում։

Հայտնաբերված հետախուզվողին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող Վաղարշապատի քննչական բաժին։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել