Կստեղծվի 13 նոր աշխատատեղ՝ 350,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով. կառավարության որոշում

Կառավարությունը հավանություն է տվել «Նյու Իդա» ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին և համաձայնություն՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն: Ընկերությունը նախատեսում է իրականացնել հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր՝ կատարելով շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Արդյունքում կստեղծվի 20-50 նոր աշխատատեղ՝ 5 տարվա ընթացքում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ «Նյու Իդա»-ն չինական ընկերություն է և 18 ամսվա ընթացքում պետք է կատարի բոլոր նախատեսված ներդրումները:

Գործադիրի որոշմամբ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արտադրանքն արտահանելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել 363,110,020 ՀՀ դրամի ներդրում՝ ապրանքների ձեռքբերման համար: Կստեղծվի 13 նոր աշխատատեղ՝ 350,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 756 մլն ՀՀ դրամ, որից 30 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 696 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 30 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 363,110,020 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 34,372,065 ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող արտոնություններին վերաբերող հարցերը. «Ինչպես և պայմանավորվել էինք, նախորդ շաբաթ քննարկում կազմակերպեցինք՝ հասկանալու համար այն դինամիկան և իրերի վիճակը, որ ունենք այս կարգի արտոնությունների տրման բնագավառում, որովհետև հիշում եք՝ 1-1.5 ամիս առաջ կառավարության նիստում մենք այդ հարցը քննարկել էինք, թե ինչքանով ենք մենք տեղեկացված, մոնիթորինգի արդյունքներով ինչքանով են արտոնությունները ծառայում նպատակին: Եվ պարոն Խաչատրյանը մեզ ներկայացրեց, որ ընդհանուր առմամբ այստեղ էական խնդիրներ մենք չունենք, և արտոնություններով տեղի ունեցած ներկրումները հիմնականում, այսինքն՝ ոչ թե հիմնականում, այլ 90 և ավելի տոկոսով ծառայում են իրենց նպատակներին: Այնտեղ կա 1-2 ծրագիր, որոնց հետ կապված մենք հարցեր ունենք և այդ հարցերով շարունակում ենք զբաղվել»:

Վարչապետն անդրադարձել է նաև մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն՝ արտոնություններ ստացած ընկերությունները գործունեություն չեն իրականացնում: «Բայց ամեն դեպքում ես հույս ունեմ նաև, որ մամուլի այդ հրապարակումները որոշակի ուղղորդում են, որ կոնկրետ այդ տեղերը ստուգել, հասկանալ, թե ինչքանով են դրանք համապատասխանում իրականությանը»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանին և հայտնել, որ այն արդեն սկսել է գործունեություն իրականացնել:

«Այստեղ, իհարկե, ամենամեծ ռիսկը շուկան է, և հույս ունենք, որ մեր ներդրողներն իսկապես այն պլանները, որ ունեն շուկաների հետ կապված, կիրագործեն: Ինչքան հիշում եմ, իրենք այսօր արդեն որոշակի չափաքանակի առաքման վերաբերյալ պայմանավորվածություններ ունեն, ինչը որոշակի ժամանակ է տալիս նրանց նոր շուկաներ փնտրելու, գտնելու: Եվ հույս ունենք, որ այդ արտադրանքը նաև հայաստանյան շուկայում հաջողություն կունենա: Ըստ էության, սա առաջին փորձն է, համենայն դեպս, հետսովետական շրջանում, ինչքան հիշում եմ, այդպիսի փորձ Հայաստանում չի եղել՝ կենցաղային տեխնիկա հավաքելու: Եվ հույս ունենք,որ այս պրոցեսը, որը հիմա տեղի է ունենում ներկրված տեխնոլոգիաներով, ժամանակի ընթացքում արդեն այստեղ հայկական տեխնոլոգիական լուծումներ էլ կլինեն, որպեսզի մենք լիարժեք այդ արտադրանքը կարողանանք համարել հայկական»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել նաև, որ նոր ավելացած 51 հազար աշխատատեղերին կավելանան ևս 51-ը, և դրանք կլինեն ոչ միայն ստվերից դուրս եկածները. «Պարոն Խաչատրյանի վարկածով այդ 51 հազարի 1/5-ը նոր ստեղծված աշխատատեղեր են: Դա, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ վստահելի գնահատական է, մյուս մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են: Երկուսն էլ լավ է՝ և՛ ստվերից դուրս եկածն է շատ պոզիտիվ, և՛ նոր ստեղծվածն է շատ պոզիտիվ, այնպես որ մեր կանխավարկածն այն չէ, որ հիմա ստվերում աշխատատեղ չկա: Հույս ունենք՝ այդ պրոցեսները զուգահեռ նաև տեղի կունենան»:

Կառավարությունը բավարարել է նաև «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացված հայտը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ (ՀՀ Կոտայքի մարզ)։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր տարեկան ծավալը նախատեսված է 300 մլն ՀՀ դրամ, որն իրացվելու է ՀՀ տարածքում: Ներկայումս ստեղծված է 121 աշխատատեղ, կստեղծվի ևս 50-70 նոր աշխատատեղ՝ 150 000-200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արդեն իսկ իրականացվել է մոտ 2,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսում է կատարել ևս 4 մլրդ ՀՀ դրամի ներդրում 2019-2023թթ. ընթացքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 3 579 000 000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 280 988 000 ՀՀ դրամ:

Գործադիրի որոշումներով «Պարկ Գրուպ» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատման արտոնություններից: 2017 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է Երևանում կառուցել ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ՝ կատարելով 7,5 մլրդ դրամի չափով ներդրում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 350 նոր աշխատատեղ` 200 հազ․ դրամ միջին աշխատավարձով: Մասնավորապես, հետաձգման ենթակա ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի 4,94 մլրդ դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվում է 0,98 մլրդ դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել