Տեղի է ունեցել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2012 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը

Դեկտեմբերի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանում կայացավ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2012 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով ներկաներին, փաստեց, որ սրանով ձևավորվում է նոր բարի ավանդույթ` ներկայացնել կատարված աշխատանքը: Վճռաբեկ դատարանի նախագահը մասնավորապես նշեց. «Նշեմ, որ յուրաքանչյուրի աշխատանքը, ներդրումը տեսանելի է և գնահատվում է մեր կողմից: Ողջ դատական իշխանության հաջողությունը բաղկացած է առանձին հաջողություններից: Հունվարին նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների ժողովածուի շնորհանդեսը և հաշվետվությունների ներկայացումը: 2013 թվականը ուզում ենք բեկումնային դարձնել և փորձենք կատարված աշխատանքները ցույց տալ հանրությանը: Իրոք, շատ աշխատանք է կատարվում, որը պետք է ներկայացնել»: Ամփոփելով 2012թ-ին կատարված աշխատանքները` Արման Մկրտումյանը հատկապես նկատեց. «Աննախադեպ էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշմանը հղում անելը: Եվրադատարանն իր վճիռներով հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում վճռաբեկ դատարանը կայացնում է նախադեպային այնպիսի որոշումներ, որոնցով դատարանների ղեկավարվելու արդյունքում լուծվում են բազմաթիվ հակասություններ, որոնք առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում: Սա աննախադեպ հաջողություն է, որովհետև բոլորդ տեղյակ եք, թե ինչ վերաբերմունք ունի Եվրադատարանը այլ երկրների դատարանների նկատմամբ»:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Անցնող տարին շատ ծանրաբեռնված տարի է եղել: Ընթացք է տրվել 1210 բողոքի: Սակայն ի պատիվ մեր դատավորների, նրանց խորհրդականների ու օգնականների կարողացել ենք իրականացնել մեր գործունեությունը: Պետք է նշեմ, որ պալատի գործունեությունը գնահատելիս պետք է հիմնվել ոչ թե գործերի քանակի վրա, թե քանի գործ ենք քննել, այլ թե ինչպիսի նախադեպային որոշումներ են կայացվել: Դրանք հիմնարար նշանակություն են ունեցել դատական պրակտիկան ուղղորդելուն, մեր քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերն ապահովելու ուղղությամբ: Օրինակ` խուլիգանության որոշման արդյունքում 40 տոկոսով կրճատվեց այդ հանցակազմով քրեական պատասխանատվության ենթարկվող անձանց թիվը:

 

Վաշխառության որոշմամբ մենք փորձեցինք իրավական դաշտ բերել իրավակիրառողներին և ասել, որ բնույթով քաղաքացիական իրավահարաբերությունները չպետք է դառնան քրեական և հակառակը` քրեական իրավահարաբերությունները չպետք է փոխարինել քաղաքացիականով:

 

Նույնը նշեցինք նաև խարդախության վերաբերյալ որոշմամբ: Կարևոր որոշումների շարքին եմ դասում նաև զինվորական հանցագործությունների վերաբերյալ ընդունված որոշումը, որի կիրառության արդյունքում բանակում կատարված հանցագործությունները կկրճատվեն մոտ 20-25 տոկոսով:

 

Լեռնիկ Պողոսյանի վերաբերյալ որոշումը ևս այս տարի է կայացվել, որն էական նշանակություն ունեցավ մարդու իրավունքների, անմեղության կանխավարկածի ապահովման առումով, որովհետև դուք գիտեք, որ մինչդատական վարույթը անձի վերաբերյալ վարույթ է հարուցում, տվյալ անձին որպես հանցագործ է ներկայացնում, հետագայում նոր քննություն են կատարում, այդ քննությունն էլ մինչև պարզվում է, հաճախ մենք տեսնում ենք, որ որևէ արդյունքի էլ չի հասնում, սակայն եթե արդյունք էլ լինի, մենք իրավունք չունենք անձին կանխավ հանցագործ համարելու:

 

Հաջորդ որոշումը ծեծի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումն է: Պարզվում է, որ անձի դեմ ուղղված հանցագործությունների 48 տոկոսը վերաբերում է հենց ծեծին: Սա մի բնագավառ է, երբ մարդիկ ինչ-որ խնդիր են ունեցել, որի համար իրար քաշքշել են, դրա համար դառնում են իրավապահ մարմինների քննարկման առարկա, գործը գալիս է դատարան, և մեր հասարակության մի ստվար զանգված գործ է ունենում այս հանցագործության հետ: Մենք սահմանել ենք, թե ինչով է տարբերվում այս հանցագործությունը մյուս հանցագործություններից, մասնավորապես` խոշտանգումից: Սա նույնպես էական նշանակություն կունենա դատական պրակտիկան ուղղորդելու առումով: Մինչդատական վարույթում և դատարաններում բազմաթիվ գործեր կան, որոնք այս որոշմանն են սպասում: Հաջորդ տարի այս որոշման արդյունքների մասին մենք կխոսենք ավելի առարկայական»:

 

2012 թվականի «Տարվա լավագույն որոշում» ճանաչվեց 2012 թվականի մարտի 30-ին Շահեն Նշանի Հախվերդյանի վերաբերյալ կայացված որոշումը: Այդ որոշումը վերաբերում էր խուլիգանության հանցակազմի մեկնաբանմանը:

 

Նշված գործով զեկուցող ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանին հանձնվեց «Տարվա լավագույն որոշում» անվանակարգի համար սահմանված Ֆեմիդայի արձանիկը, իսկ նրա ավագ օգնական Սուսաննա Գզողյանին` դրամական պարգև:

 

Տարվա ընթացքում դրսևորած արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական Աննա Վարդապետյանին և դատավոր Արթուր Պողոսյանի ավագ օգնական Հովհաննես Ավագյանին հանձնվեցին շնորհակալագրեր:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել