Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 29-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի
N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.
1. Բալետային արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բարձր կատարողական վարպետության համար Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան Վահագն Մարգարյանին հետմահու պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»:
Հիշեցնենք, որ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը մահացել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ ավտովթարի հետևանքով: Նա 14 օր գտնվել է կոմայում:
Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում արժանացել էր գլխավոր մրցանակի: Նա Հայաստանը ներկայացրել է նաև «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։