31.9%-ով նվազել է մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի բացահայտման ցուցանիշը. դատախազություն

Մայիսի 2-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին կներկայացնի դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Ստորև ներկայացվում է 2007-2017թթ. սպանության, սպանության փորձի, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ավազակության, ինչպես նաև հրազենի կամ ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունների վերաբերյալ աղյուսակը.

     Տարեթիվը Հանցագործությունների ընդհանուր թիվը Հրազենի գործադրմամբ հանցագործություններ Սպանություն Սպանության փորձ Դիտ. առողջ. ծանր վնաս Ավազակություն Բնակարանային գողություններ
1. 2008 9271 84 78 30 215 126 1009
2. 2009 14339 100 68 29 181 151 988
3. 2010 15477 66 41 27 167 107 1156
4. 2011 16572 60 60 29 170 106 901
5. 2012 15776 63 50 25 170 63 1054
6. 2013 18333 66 48 25 186 73 1323
7. 2014 17546 68 53 28 216 69 1442
8. 2015 17043 69 52 35 173 54 1369
9. 2016 18764 62 66 36 200 53 1250
10. 2017 20285 52 49 23 194 46 889
11. 2018 22551 60 35 30 191 47 1438

2018թ. հանրապետությունում արձանագրվել է խուլիգանության 234 դեպք՝ նախորդ տարվա 202-ի դիմաց, աճը կազմել է 32 դեպք կամ 15.8%: Խուլիգանության 234 դեպքից 53-ը կամ 22.6%-ը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ /2017թ.՝ 41-ը կամ 20.3%-ը/:

Հանրապետությունում կատարված խուլիգանության դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների համեմատությունը վկայում է դրանց խիստ տարբերակվածության մասին: Եթե հաշվետու տարում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում գրանցվել է 80, ապա Արաբկիրում՝ 18, Կոտայքի մարզում՝ 7, Արագածոտնի մարզում, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում՝ 3-ական խուլիգանության դեպք: Թեև թվային այս տարբերությունը բացատրվում կամ կարող է բացատրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի առանձնահատկություններով, մասնավորապես, նրանով, որ հանգստի և զվարճանքի վայրերը հիմնականում տեղակայված են հենց այդ վարչական շրջանում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ գործ ունենք նաև խուլիգանության դեպքերի նկատմամբ տարբերակված քրեաիրավական և քրեադատավարական մոտեցումների հետ, որոնց չեզոքացման հարցը միշտ դատախազության ուշադրության կենտրոնում է:

Ի սկզբանե պետք է նշել, որ խուլիգանության հանցակազմի վերաբերյալ վճռաբեկ դատարանի հայտնի իրավական դիրքորոշումները իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանվում են ակնհայտորեն լայն, անձնական փոխհարաբերությունների և կենցաղային վեճի շրջանակները ընկալվում են չափազանց ընդարձակ՝ երբեմն ներառելով անձի ինքնահաստատման, այլոց հանդեպ իր առավելություններն ընդգծելու, հասարակությանը հակադրվելու ձգտումներով ակնհայտորեն պայմանավորված դեպքերը: Արդյունքում, դեպքի ամենասկզբնական նկարագրությամբ խուլիգանության հատկանիշներ պարունակող արարքները հանցագործության դեպքի վերաբերյալ ամփոփագրերում վերնագրվում են որպես ծեծ կամ մարմնական վնասվածք, և վարույթն իրականացնող մարմնի կողմից դիտվում են որպես այդպիսիք՝ ոչ խուլիգանական դրդմամբ կատարված լինելու կանխավարկածով, այդ դեպքերին արագ դատավարական արձագանք չի տրվում՝ հնարավորություն տալով շահագրգիռ անձանց պայմանավորվելու արարքի արհեստական ոչ խուլիգանական շարժառիթի շուրջ և մատուցելու այն վարույթն իրականացնող մարմնին՝ պատճառ դառնալով հասարակական կարգի կոպիտ խախտման վերաբերյալ ապացույցների կորստի: Ընդ որում, նկատելի է նաև, որ վիճաբանության ժամանակ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու ոչ հազվադեպ դեպքերում քննությունը կենտրոնանում է բացառապես վերջինիս վրա, լավագույն դեպքում ուշացած ուշադրություն ցույց տալով խուլիգանության հատկանիշներին:

Հետևաբար, շարունակական ջանքեր են գործադրվում խուլիգանության դեպքերի նկատմամբ դատավարական վերաբերմունքը փոփոխության ենթարկելու ուղղությամբ՝ ենթադրելով ավելի արագ ու օպերատիվ աշխատանք՝ ուղղված հանցանք կատարած անձանց ողջ շրջանակը և հանցակազմի հատկանիշների առկայությունը պարզելուն, այն գիտակցությամբ, որ ինչպես առողջությանը վնաս պատճառելու, այնպես էլ խուլիգանության դեպքերի բացահայտումը և այն կատարած անձանց անվերապահ քրեական պատասխանատվության ենթարկման ապահովումը հնարավոր չէ դիտարկել միայն քրեական դատավարության անմիջական խնդիրների համատեքստում և պետք է փաստել, որ դրանք, շատ հաճախ կատարված լինելով Երևան քաղաքի ամենակենտրոնական ու ամենաբանուկ փողոցներում և խանգարելով մարդկանց հանգիստը, բերում են ավելի ընդհանուր բնույթի բացասական հետևանքների, մարդկանց մոտ առաջացնում անպաշտպանության զգացում, վախ սեփական անվտանգության համար:

2018թ. էականորեն աճել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերը: Այսպես, 2018թ. այդ բնույթի դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 311-ով կամ 32%-ով /972-1283/, այդ թվում՝ 44-ով կամ 25%-ով /176-220/ աճել է մահվան ելքով դեպքերի թիվը:

Հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և այդ բնագավառում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցներն ակտիվացնելու անհրաժեշտություն ունեն:

Ճանապարհատրանսպորտային պատահարները պայմանավորված են եղել ինչպես տրանսպորտային միջոցների և հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելով, այնպես էլ՝ այլ գործոններով: Մասնավորապես՝ միևնույն փողոցներում և խաչմերուկներում երբեմն կրկնվող ճանապարհատրանսպորտային պատահարներին նպաստող պայմաններ են հանդիսացել նաև վերոհիշյալ վայրերում գործող ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կարգավորման միջոցների անարդյունավետությունը, հետևաբար դրանք հետագայում փոփոխելու և վերանայելու անհրաժեշտություն է առաջացել:

Ընդ որում՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճանապարհատրանսպորտային պատահարներիպատճառ են դառնում հետիոտնային անցումների գծանշումների անտեսանելիությունը, հետիոտնային կարգավորվող անցումների լուսացույցները տրանսպորտային միջոցների վարորդների տեսադաշտից դուրս գտնվելու հանգամանքը, տեսանկարահանող և լուսանկարահանող (արագաչափ) սարքերի բացակայությունը և այլն:

Այս կապակցությամբ ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է 2018թ. ընթացքում արձանագրված ՃԵԿ-ի կանոնները խախտելու դեպքերով կատարել ուսումնասիրություն, որի արդյունքում առանձնացնել ռիսկային հատվածները, այդ հատվածները նշագրել քարտեզների վրա, պարզել յուրաքանչյուր դեպքով, հատկապես ռիսկային հատվածներում արձանագրված հանցագործություններին նպաստած կամ դրա պատճառ դարձած հանգամանքները և դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդագրեր ներկայացնել համապատասխան իրավասու մարմիններին:

2018թ. ընթացքում նվազել է նաև առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի բացահայտման ցուցանիշը. եթե 2017թ. արձանագրված՝ 194 դեպքից նույն ժամանակահատվածում բացահայտվել են 167-ը կամ 86,1%-ը, ապա 2018թ.  ընթացքում՝ 191 դեպքից 140-ը կամ 73,3%-ը:

Փաստորեն, չնայած նրան, որ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը 2018թ. նվազել են, այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշը ոչ միայն չի բարելավվել, այլ ընդհակառակը 12.8%-ով նվազել է:

Միջին ծանրության կամ ծանր մարմնական վնասվածքի ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի՝ 311-ով կամ 32%-ով աճին (972-128) զուգահեռ նվազել է բացահայտման տոկոսային ցուցանիշը՝ կազմելով 88,9%՝ 2017թ. արձանագրված 98,3%-ի փոխարեն:

Էապես՝ 31.9%-ով նվազել է նաև մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 66,4%՝ 2017թ. արձանագրված 98.3%-ի փոխարեն:

2017թ. համեմատ, 2018թ. արձանագրվել է նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշի նվազում՝ 19,3%-ով (81,4%-62,1%), ինչն էլ ավելի է խորացնում վերը արտահայտված կասկածն այն մասին, որ, 2017թ. համեմատ, 2018թ. արձանագրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի նվազումը կարող է այդ դեպքերի լատենտայնության ուղղակի հետևանք լինել:

2017թ. համեմատ, 2018թ. բացասական դինամիկա է արձանագրվել նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշում: Այսպես, եթե 2017թ. սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 69,2%, ապա 2018թ. նշված ցուցանիշը 23,8%-ով նվազել է՝ կազմելով 45,4%, ընդ որում, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշի անկումը հատկապես զգալի է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշի տեսանկյունից, որը, 2017թ. համեմատ, 2018թ. նվազել է 14,7%-ով՝ կազմելով 19,3%՝ 2017թ. արձաագրված 34%-ի փոխարեն:

Նույնը կարելի է արձանագրել նաև կողոպուտի բացահայտման ցուցանիշի վերաբերյալ, որը, 2017թ. համեմատ (70,9%), 2018թ. կազմել է 56,9%, այսինքն՝ 14%-ով պակաս, քան 2017թ.:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշում միակ դրական դինամիկան 2018թ. արձանագրվել է ավազակությունների բացահայտման ցուցանիշի տեսանկյունից, որը, չնայած նրան, որ հաշվետու ժամանակահատվածում  ավազակության դեպքերի թվաքանակը նույնն է մնացել (46-46), 2017թ. համեմատ (69,6%), 2018թ. աճել է 2,1%-ով՝ կազմելով 71,7%:

Այսպիսով, փաստվում է, որ 2018թ. նվազել է հանցագործությունների բացահայտման պաշտոնական ցուցանիշը, ինչը, բնականաբար, մտահոգության առիթ է:

Սակայն հարկ է փաստել, որ 2018թ. այս վիճակագրական ցուցանիշը լիարժեք համադրելի չէ ինչպես 2017թ., այնպես էլ դրանից առաջ հանցագործությունների բացահայտման վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալների հետ:

Այսպես, բարեփոխումների արդյունքում 2018թ. սկսած (ՀՀ դատախազության նախաձեռնությամբ) հանցագործությունների բացահայտման հաշվառումը արձանագրվում է բացառապես անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատավարական որոշման առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին հանցագործությունը համարվում էր բացահայտված, երբ հայտնի էր դառնում այն ենթադրաբար կատարած անձը:

Հաշվառման նոր համակարգը օբյեկտիվ պատկեր է արտացոլում և, հետևաբար, միանշանակ աշխատանքների բացասական ցուցիչ չի կարող համարվել:

Հայտնի է, որ հանցագործությունների չբացահայտման և, հակառակը, բացահայտման գրավականը անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակին և պատշաճ կատարումն է, մինչդեռ հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների  բացահայտման վրա շարունակում են լուրջ ազդեցություն ունենալ այնպիսի սուբյեկտիվ պատճառներ, ինչպիսիք են՝ քննիչի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող աշխատակիցների համագործակցության ոչ բավարար մակարդակը, կոնկրետ քրեական գործերով իրականացվող քննության որակը, քննչական և օպերատիվ-հետախուզական աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպումը:

Անվիճելի համարելով, որ հանցագործությունների բացահայտման վիճակի բարելավման հիմքում առաջին հերթին պետք է լինի հետաքննության մարմինների աշխատանքի կատարելագործումն ու դրա արդյունավետության բարձրացումը, չի կարելի սահմանափակվել այդ աշխատանքում առկա թերությունների մասին փաստարկներով և պետք է արձանագրել, որ գործ ունենք նաև օբյեկտիվ բարդությունների ու խոչընդոտների, իսկ առանձին դեպքերում՝ ընդհուպ քրեադատավարական օրենքի իրավակարգավորումներից բխող խնդիրների հետ:

Օրինակ, հանցագործության դեպքերը պատկերող տեսագրությունները ստանալը երբեմն պայմանավորված է լինում բազմաթիվ, առերևույթ ուշադրության և քննարկման ոչ ենթակա տեխնիկական բարդություններով, որոնք, սակայն, լրջորեն ազդում են դրանցով կատարվելիք աշխատանքի օպերատիվության վրա: Խոսքը, մի կողմից, պետական նշանակության տեսագրող սարքերին հետաքննության մարմինների մատչելիության բացակայության, մյուս կողմից՝ հասարակության անդամների՝ հատկապես մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ գործունեությանը աջակցելուց խուսափելու ու դրա արդյունքում այդ սարքերը վերցնելուն խոչընդոտելու մասին է:

Առկա խնդիրը մեղմելու նպատակով, Երևան քաղաքի դատախազի կողմից անհրաժեշտ հիմնավորումներով գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով քննարկել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Փարկինգ սիթի» ընկերության կողմից տեղադրված տեսագրող սարքերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը անհրաժեշտ տեխնիկական կարգավորումներով ուղիղ մատչելիություն ապահովելու հարցը: Այդ հնարավորությունը տրամադրելու դեպքում ՀՀ ոստիկանության մայրաքաղաքի ստորաբաժանումը ընդհուպ կկարողանա դեպքից վայրկյաններ անց հետևելու հանցանք կատարած անձանց շարժին՝ նոր ու լուրջ հնարավորություն ունենալով կատարված հանցագործության բացահայտման համար:

Հանցագործությունների բացահայտման միջոցների շարքում աստիճանաբար արդյունավետության պակաս է արձանագրվում «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքում: Ակնհայտ է, որ նախ հետաքննության մարմինների ունեցած տեխնիկական հնարավորությունները ժամանակի ընթացքում անփոփոխ են մնում հանցագործությունների թվի տարեկան կայուն աճի պայմաններում, բացի դրանից, առկա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս վերահսկելու սովորական բջջային կապով իրականացվող հեռախոսազրույցները այն դեպքում, երբ բջջային հեռախոսների համապատասխան ծրագրային հավելվածները ավելի շատ են օգտագործվում և դրանք վերահսկել, որպես կանոն, հնարավոր չէ:

Գաղտնիք չէ, որ խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու դեպքերի, ավազակության, կողոպուտի և գողությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների մասնակիցների շրջանակը պարզելու, կոնկրետ անձանց դրանց մասնակից լինելու հանգամանքը ապացուցողական բարձր չափանիշով ստուգելու հիմնական եղանակներից մեկը այդ անձանցից նմուշներ ստանալը,  քննման, փորձաքննության ենթարկելն է՝ համապատասխանաբար մարմնական վնասվածքների առկայությունը, թմրամիջոց օգտագործած լինելը և այլ հանգամանքներ պարզելու նպատակով:

ՀՀ քրեական դատավարության և քրեական օրենսգրքերի՝ հիմնախնդրին վերաբերող իրավակարգավորումները, մասնավորապես, վերը նշված գործողությունները հարկադրաբար կատարելու հնարավորություններ ուղղակիորեն նախատեսված չլինելը, ավելին՝ նմուշ չտալն ու փորձաքննության չենթարկվելը առանձին ձևակերպումներով որպես լռելու իրավունքի տարր ներկայացնելը, դրանք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն նախատեսված չլինելը բերում են հանցանք կատարած անձի ազատ հնարավորության՝ խոչընդոտել այդ ապացույցները ձեռք բերելուն: Եվ դա այն դեպքում, երբ լռելու իրավունքի բովանդակության վերաբերյալ եվրոպական իրավունքն ամբողջությամբ այլ մոտեցում ունի և դրանից առավել քան հստակ է, որ լռելու իրավունքը վերաբերում է բացառապես ցուցմունք տալուն և նյութեր չտրամադրելու, նմուշներ չտալու, փորձաքննության ու քննման չենթարկվելու հնարավորություն չի ենթադրում: Ընդ որում, այս մոտեցման հիմքում ընկած է ոչ միայն լռելու իրավունքի ներքին բովանդակության մեկնաբանությունը, այլև այն, որ, ըստ եվրոպական դատարանի, այդ իրավունքի չափազանց լայն մեկնաբանությունը կխաթարի հանցավորության դեմ պայքարը, կզրկի իշխանություններին հանցագործությունները բացահայտելու գործիքակազմից: Նշված խնդիրները լուծելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախապատրաստվել է «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» համապատասխան օրենսդրական փաթեթ, որը սահմանված կարգով շրջանառվել է՝ կարծիքի ներկայացվելով նաև ՀՀ դատախազություն:

Գտնում ենք, որ գործնականում առաջացող վերը նկարագրված խնդիրները շուտափույթ լուծման նպատակով անհրաժեշտ է դատախազության կողմից ներկայացված նկատառումների հաշվառմամբ լրամշակել հիշյալ օրենսդրական փաթեթը ու արագացնել դրա ընդունմանն ուղղված օրենսդրական գործընթացի մյուս փուլերը:

Ավարտելով հանցագործությունների բացահայտման ցուցանիշների վերաբերյալ վերլուծությունը՝ պետք է փաստել, որ ավանդաբար, նմանատիպ վերլուծությունների շրջանակներում ուշադրության են արժանացել դրանց առարկայական ու տեղային առանձնահատուկ դրսևորումները, առավելապես ընդգծվել են հետաքննության մարմինների աշխատանքի թերությունները, արվել են մասնավոր հետևություններ, հիմք են դարձել շտկելու այս կամ այն բացասական ցուցանիշը բարելավելուն ուղղված միջոցառումները: Բայց ներկայացված վերլուծությունը, կարծում ենք, բավարար է արձանագրելու, որ հանցավորությունը ակնհայտորեն ոչ միայն և միգուցե ոչ այնքան քանակական, որքան որակական փոփոխությունների է ենթարկվել, այդպիսի փոփոխություններ են կրել հանցագործությունների պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, կատարելագործվել են դրանց կատարման մեխանիզմները, հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված, ինչը ենթադրում է, որ փոփոխվող ու կատարելագործվող հանցավորությանն արձագանքելու նոր միջոցների մասին խոսելու ժամանակն է:

Մեր համոզմամբ, հանցագործությունների հակազդման գործընթացը չի կարող սահմանափակվել տարբեր հաշվետու ժամանակահատվածներում արձանագրված կոնկրետ մտահոգությունների չեզոքացմամբ և ենթադրում է ավելի համալիր, ընդգրկուն ու «պայքար հանցավորության դեմ» հասկացության բովանդակությանը համապատասխան մոտեցում: Հանցավորության դեմ պայքարը պետք է իրականացվի պաշտոնապես ճանաչված քաղաքականությամբ՝ հաստատված ազգային ռազմավարական ծրագրի հիման վրա, որում հստակեցված են դրա բոլոր դերակատարների ծրագրային անելիքները՝ տարրական կրթություն ապահովող դպրոցից մինչև ՀՀ դատախազություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել