Փոփոխություններ ԲԴԽ-ի քվեարկության կարգում. օրինագիծը կքննարկվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում

Մայիսի 2-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել է կառավարությունը:

Նախագծով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունումը կազմակերպել խորհրդի անդամների բաց քվերակությամբ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

Նախագծի ընդունումից հետո խորհուրդը բաց քվերակությամբ կորոշի նաև նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկվող ցանկը:

Դատավորի նշանակման կարգի հետ կապված գործադիրը նույնպես փոփոխություններ է առաջարկում:

Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է «դեմ» քվեարկել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ խախտվել է թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացնելու հաջորդականությունը` այդ մասին ներկայացնելով համապատասխան հիմնավորումներով հատուկ կարծիք:

Փոփոխություն կկատարվի նաև «Պետական տուրքի մասին» օրենքում: Օրինագծի համաձայն՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նախկին դատավորի,  վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով նրանց կողմից ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար կգանձվի պետական տուրք՝ 20 հազար դրամի չափով:

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերով՝

1) նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ` «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով.

2) սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը.

3) սահմանվել է Վճռաբեկ դատարանում և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման, ինչպես նաեւ նախկին դատավորի կողմից դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրվկելու նպատակով ներկայացված դիմումի եւ կից փաստաթղթերի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել