Հանրային խորհուրդը պատրաստվում է անդրանիկ լիագումար նիստին

Ապրիլի 10-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի օրակարգային հիմնական հարցը եղել է առաջիկա լիագումար նիստի նախապատրաստական հարցերի քննարկումը։ Նախապատրաստվող նիստը լինելու է Հանրային խորհրդի ձևավորումից հետո անդրանիկ լիագումար նիստը։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ Հանրային խորհուրդը, հասարակությանը հուզող ընթացիկ հարցերը բարձրացնելուն զուգահեռ, պետք է մշակի աշխատանքային քարտեզ՝ որոշակի ոլորտների և խորքային խնդիրների առումով հստակեցնելով իր տեսլականն ու նպատակները, առաջիկա մի քանի տարիների ուղղությամբ անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ առաջարկները։

Իբրև հրատապ հարց՝ որոշվել է դիմել ՀՀ վարչապետին հանձնարարելու համապատասխան մարմիններին Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների հետ իրականացնել աշխատանքային քննարկումներ բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը հաստատելուց առաջ: Առաջարկն արել է ՀԽ անդամ, խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը՝ հաշվի առնելով Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների համագործակցության կարևորությունը հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների հետ, ինչպես նաև բյուջետային   հայտերի   կազմման   գործընթացն   առավել   թափանցիկ, ներառական և նպատակային դարձնելու անհրաժեշտությունը։

Լիագումար նիստի օրակարգային հարցերը հստակեցնելու և նախապատրաստելու նպատակով որոշվել է կազմակերպել քննարկում Հայաստանի կրթության և գիտության ոլորտի խնդիրների վերաբերյալ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ։

Որոշվել է Հայաստանի տնտեսական ոլորտի խնդիրները, ներկա իրավիճակն ու մարտահրավերները նույնպես ներառել լիագումար նիտի օրակարգ։ Այդ նպատակով կկազմակերպվի նախնական քննարկում Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի, ՀԽ Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի,  ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովների  նախագահների, Հանրային խորհրդի որոշ անդամների մասնակցությամբ։ Քննարկումը կհամակարգի Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Լիագումար նիստից առաջ կկազմակերպվի քննարկում նաև հակակոռուպցիոն ռազմավարության և անցումային արդարադատության թեմայով, որին կհրավիրվեն ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել