Չհայտարարված այց «Արմավիր», «Կոշ» և «Աբովյան» ՔԿՀ-ներ. առանձնազրույցներ ազատազրկված անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա ապրիլի 4-ին և 5-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Կոշ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 1 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2019 թվականի ապրիլի 3-ից հացադուլ հայտարարած անձը հայտնել է, որ հացադուլը պայմանավորված է իր նկատմամբ կայացված դատավճռով: Ազատությունից զրկված անձին պարզաբանվել են ՄԻՊ լիազորությունները և դատավճիռը բողոքարկելու կարգը, ինչպես նաև հացադուլի բացասական հետևանքներն իր առողջական վիճակի վրա: Վերջինս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունների կապակցությամբ որևէ բողոք չի ներկայացրել: Արձանագրվել է, որ բժշկական փաստաթղթերում առկա են եղել նրա առողջական վիճակի վերաբերյալ ամենօրյա նշումներ :

Մյուս անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը, ցուցաբերվող բժշկական օգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, պատժի կրումը շարունակելու նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխվելուն, քրեական գործով տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների  նկատմամբ կիրառված արգելքի, ինչպես նաև քրեական վարույթի շրջանակներում  կալանավորված անձին այլ երկիր արտահանձնելուն:

Հարցերի մի մասի վերաբերյալ Պաշտպանին հասցեագրվել են գրավոր բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ, որոնց մի մասը տեղում լուծվել են:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել