Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքների նախագծերով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքները: Միաժամանակ, կիսելով նախագծի հեղինակների մտահոգությունները՝ զինվորական ծառայությունից արձակված և առողջական խնդիրներ ունեցող անձանց երաշխավորված բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելու վերաբերյալ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, ըստ որի՝ զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, իրավունք կունենան անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակում:
Հավանություն է տրվել նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Գործադիրը, ընդունելի համարելով օրինագծերով նախատեսվող ընդհանուր կարգավորումները, միաժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ ներկայացրել է մի շարք նկատառումներ:
Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված միջոցների ծախսման ժամանակ, այդ գործընթացը կարգավորող փաստաթղթերի հաստատման իրավունքը պետական մարմնի կամ հիմնարկի հանրային ծառայող հանդիսացող անձանց վերապահելու հնարավորություն ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ կսահմանվեն նաև համաձայնագրերի շրջանակում ՀՀ տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կամ իրավաբանական անձանց գործունեության դադարեցումից հետո հիմնարկների համապատասխան աշխատողների հետ քաղաքացիաիրավական հարաբերությունների շարունակման պայմանները:
Ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Վաբա» ՍՊԸ –ի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից օգտվելու թույլտվությունների մասին որոշումներում: Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Վաբա» ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։ Արդյունքում կստեղծվի մոտ 24 աշխատատեղ` 320 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերի պահանջների կատարումը ապահովելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել համապատասխան որոշման մեջ: Ըստ այդմ՝ սահմանվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը և բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը: