3․500․000 դրամի յուրացման դեպք է արձանագրվել. ոստիկանություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը` 2015 թվականի հուլիսին նույն անտառտնտեսության մասնաճուղում աշխատանքի է հրամանագրել երկու քաղաքացու:

Նրանցից մեկը 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2018-ի հունիս ամիսը, մյուսը` 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի փետրվար, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի ընդհանուր մոտ 3.500.000 դրամ աշխատավարձերի գումարը յուրացվել է:
Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել