Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մեծ ծավալի տվյալների(Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ: Նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս ռիսկերի վերլուծության և կառավարման ընթացքում օգտագործել տարատեսակ կառուցվածքի շտեմարաններ՝ առանց ծավալի և ձևաչափի սահմանափակումների: Մաքսային և հարկային ոլորտների վերաբերյալ կատարել և ցուցադրել մեծածավալ վերլուծություններ և հաշվետվություններ՝ հաշված րոպեների ընթացքում: Մասնագետների դիտարկմամբ՝ մեծ ծավալի տվյալների շտեմարանը բավականին ճկուն գործիք է: Այն հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ ներկայացնել տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվական բազայի տվյալները, մակրո և միկրո հարթություններում իրականացնել տնտեսական վերլուծություններ, տարբեր հարկատեսակների վերաբերյալ կազմել հաշվետվություններ:
Անալիտիկ հաշվետվությունների համակարգի գործարկումը կարևորվում է ոչ միայն կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման, այլև բիզնես միջավայրի բարելամվան տեսանկյունից: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և ռիսկերի կառավարման նորարարական մոտեցումներով ձևավորված գործիքակազմը հնարավորությւոն է տվել թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նպաստելով ապրանքների և տրանսպորտային միջոցների ֆիզիկական զննման դեպքերի քանակի և տեսակարար կշռի նվազեցմանը: Այսպես, եթե 2018-ի 3-րդ եռամսյակում զննման դեպքերի քանակը կազմել է 5975, ապա 4-րդ եռամսյակում՝ 4848: Իսկ տեսակարր կշիռն ընդհանուր դեպքերի մեջ 12.8 տոկոսից դարձել է 7.5 տոկոս: Ի դեպ, տեղեկատվությունը եռամսյա պարբերությամբ թարմացվում և տեղարդվում է ՊԵԿ պաշտոնական կայքէջում:
Մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործմամբ ՊԵԿ-ը նախատեսում է առաջիկայում ներդնել «խելացի» ռիսկերի կառավարման համակարգ՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին