Դրական փոփոխություններ՝ ուսանողական վարկերի տրամադրման հետ կապված․ ԿԳՆ

Ուսանողական վարկերի տոկոսները կնվազեցվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը գործող 450.000 ՀՀ դրամի փոխարեն կավելանա մինչև 700.000 ՀՀ դրամ։

Ուսանողական վարկերը բարձր առաջադիմությամբ ուսանողների համար հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6% տոկոսադրույքով, իսկ մնացած ուսանողների համար՝ տարեկան առավելագույնը 7% տոկոսադրույքով»,-նշում է նա:

Հավելենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության մարտի 21-ի նիստի հաստատմանն է ներկայացրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացման վերաբերյալ որոշման նախագիծ: Համաձայն նախագծի ուսանողական վարկերի պայմանները կբարելավվեն, մասնավորապես՝ տոկոսադրույքը  կնվազեցվի: Կառավարությունը որոշել  է պետական աջակցությամբ նշված նպատակային ծրագրում իրականացնել հետևյալ փոփոխությունները.
Ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700.000 ՀՀ դրամ, գործող 450.000 ՀՀ դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1.8 մլն ՀՀ դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2.8 մլն ՀՀ դրամ (4 տարվա համար)։

Նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9% տարեկան, գործող 12%-ի փոխարեն: Միաժամանակ վարկի տոկոսադրույքի` բարձր առաջադիմությամբ ուսանողների համար 3, իսկ մնացած ուսանողների համար 2 տոկոսային կետով պետական սուբսիդավորումից հետո,  վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6% տոկոսադրույքով` բարձր առաջադիմությամբ ուսանողների համար, տարեկան առավելագույնը 7% տոկոսադրույքով` մնացած ուսանողների համար:

Բացի մագիստրատուրայի ուսանողներից, ուսանողական վարկավորման այս ծրագրից օգտվելու հնարավորություն է նախատեսվել նաև կլինիկական օրդինատուրայի ուսանողների ուսման վարձերի համար:

Նշենք նաև, որ ծրագրի սկզբից մինչև 2019 թվականի մարտի 21-ը տրամադրվել է 14 638 վարկ` 4 մլրդ 387 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Այս պահին վարկային մնացորդի ծավալը կազմում է մոտ 2 մլրդ 786 մլն ՀՀ դրամ` շուրջ 10 731 միավոր վարկի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել