Դասադուլին մասնակցող ուսանողները պահանջում էին, որ Էդգար Քալանթարյանը մնա ֆակուլտետում և շարունակի դասավանդել:
Իրավիճակը պարզելու համար ուսանողների հետ խոսեցին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալներ Կարեն Նահապետյանը և Ժակ Մանուկյանը:
Նրանք դասադուլ անող ուսանողներին առաջարկեցին ստեղծված իրավիճակը պարզաբանելու համար տեղափոխվել Պալեանների անվան դահլիճ, բայց ուսանողները չհամաձայնվեցին:
Վերջիններս վճռեցին ոչ մի տեղ չգնալ և սպասել պարոն Քալանթարյանին:
Քիչ ուշ ուսանողներին ներկայացավ նաև պարոն Քալանթարյանը:
Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց ուսանողներին ցուցաբերած աջակցության համար, այնուհետև մեկնաբանեց ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ իր՝ աշխատանքից ազատվելու դիմումը չի մակագրվել, շարունակելու է դասավանդել ֆակուլտետում՝ զբաղեցնելով նախկին պաշտոնը:
Հիշեցնենք, որ ուսանողների դասադուլի դրդապատճառը ֆեյսբուքյան օգտատեր-ուսանողի գրառումն էր, որտեղ Էդգար Քալանթարյանի աշխատանքից ազատվելը ներկայացվում էր որպես փաստ, ընդ որում՝ այդ դիմումն իբրև թե պարտադրված է եղել ֆակուլտետում առկա «կոալիցիայի» կողմից: Տեղի ունեցածն էլ, ըստ երևույթին, թյուրիմացության հետևանք էր: