ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելուն օժանդակելու, ինչպես նաև առանց իրացման նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքեր, դրանց կատարման հանգամանքները և մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա տղամարդուն:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
2018 թվականի հունիսի 13-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1991 թվականին, հեռախոսազանգի միջոցով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր` 1985թ. ծնված ծանոթին հայտնել է վերջինիցս MDMB (N)-2201 կրճատ անվանմամբ թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին և առաջարկել իր օգնությունը` նրա կողմից այլ անձանց թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու գործում:
Այդ նպատակով 2018 թվականի հունիսի 13-ին 2 փաթեթ MDMB (N)-2201 կրճատ անվանմամբ թմրամիջոցի համար պահանջվող գումարը վճարային տերմինալով փոխանցել է իրեն տրված հաշվեհամարին, այնուհետև՝ տեղեկացել Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի վերցնելու մասին:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 27-ամյա հիշյալ բնակիչն օժանդակել է թմրամիջոցի մի մասն ապօրինի՝ 4 պատվիրատուներին իրացնելուն, իսկ մյուս մասը՝ պահել իր անձնական օգտագործման համար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: