ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ներկայացուցիչներին։
Ծրագրի նպատակն է ընդլայնել Հայաստանում շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումները, նվազեցնել դրանց ռիսկերը՝ խրախուսելու համար մասնավոր հատվածի ներդրումներն ու նվազեցնելու վառելիքային աղքատությունը։ Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծրագրի շնորհիվ շենքերում հնարավոր է հասնել մինչև 60 տոկոս էներգիայի սպառման ծախսարդյունավետ կրճատման։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանի խոսքով՝ սա բարդ և ծավալուն ծրագիր է, որն իր տեսակով տարածաշրջանում առաջինն է։ Նա ընդգծել է, որ ծրագրում հաշվի է առնված նաև սոցիալական բաղադրիչը, մասնավորապես՝ նպատակային սուբսիդիաներ խոցելի ընտանիքների և խմբերի համար։ Ծրագիրը մեկնարկել է 2017թ․ և կշարունակվի մինչև 2023 թվականը։ Ֆինանսավորումն իրականացվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն ակնկալում է սերտ համագործակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ մի շարք հարցերում՝ ինչպես խոցելի խմբերին վերաբերող, այնպես էլ զբաղվածության ավելացման և ծրագրում գենդերային հավասար հնարավորությունների ստեղծման։ Ծրագրի իրականացումը պահանջում է ծավալուն նախագծային և շինարարական աշխատանքներ, ինչը նշանակում է, որ բոլոր փուլերում անհրաժեշտ են լինելու մեծ թվով համապատասխան մասնագետներ։ Ծրագրի պահանջներից մեկն է, որպեսզի ապահովվի կանանց նվազագույնը 30 տոկոս ներգրավվածությունը։
Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել կապալառու ընկերություններում առկա թափուր աշխատատեղերի և նախարարության Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված աշխատանք փնտրող համապատասխան մասնագետների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մասին։ Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նաև աշխատանքային տոնավաճառ, որին կմասնակցեն նաև ծրագրում ընդգրկված կապալառու ընկերությունները։