ՀՀ վարչապետին գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թեկնածության առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է թեկնածուների ընտրության մրցույթ:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքների քննումն իրականացնում է գնումների հետ կապված բողոքներ քննող անձը: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գնումների հետ կապված բողոքներ քննող անձն անշահախնդիր և անկախ քննություն իրականացնող մարմին է, որը շահագրգռված չէ կոնկրետ գնումների գործընթացի արդյունքներով և իր պարտականությունների ու իրավունքների կատարման ժամանակ պաշտպանված է արտաքին ազդեցություններից: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բողոքներն ուսումնասիրում է պատշաճ մանրամասնությամբ և անաչառորեն: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս անկախ է գնման գործընթացի մասնակիցներից, այդ թվում` պատվիրատուներից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնյաներից և պարտավոր է ղեկավարվել բացառապես գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ և կիրառել այն։
Թեկնածուները պետք է բավարարեն Օրենքի 48-րդ հոդվածով սահմանված հետևյալ պահանջներին. գնումների հետ կապված բողոքներ քննող անձ կարող է նշանակվել ՀՀ այն քաղաքացին, որն ունի տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենտ) կամ իրավագիտություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի լիազորությունների իրականացման առավելագույն տարիքը վաթսունհինգն է:
Հետաքրքրված թեկնածուները գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացվող պահանջները բավարարելու դեպքում կարող են մինչև սույն թվականի մարտի 25-ը դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն` [email protected] էլեկտրոնային փոստին ներկայացնելով.
- Դիմում ՀՀ ֆինանսների նախարարի անունով.
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները.
- արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
- աշխատանքային գրքույկի պատճենը.
- անձնագրի (նույնականացման քարտի) և սոցիալական քարտի պատճենները.
- մեկ գունավոր լուսանկար` 3×4 սմ չափսի:
Թեկնածուների ընտրությունը կատարվելու է հետևյալ կարգով՝
- ս./թ. մարտի 27-ին անցակացվելու է գրավոր քննություն հայերենով` թեստավորման եղանակով, էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հիմք ընդունելով գնումների համակարգողի որակավորման շնորհման քննության հարցաշարը, որը հրապարակված է գնումների պաշտոնական տեղեկագրում՝ procurement.am www.gnumner.am:
- գրավոր քննության արդյունքով առավելագույն միավորներ ստացած մասնակիցների հետ ս./թ. մարտի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարի կողմից կանցկացվի ճանաչողական հարցազրույց,
- գրավոր քննության և հարցազրույցի արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած անձանց թեկնածները ՀՀ ֆինանսների նախարարի կողմից կներկայացվեն ՀՀ վարչապետին՝ նախատեսելով, որ կախված ընտրության արդյունքներից, յուրաքանչյուր հաստիքի համար կառաջարկվի մեկից ավել թեկնածու:
Ընդ որում՝ սույն գործընթացը ՀՀ ֆինանսների նախարարությանը չի պարտավորեցնում որևէ անձի ընտրության՝ թեկնածության առաջադրման կամ պաշտոնի նշանակման:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել + 374 11 800 206 հեռախոսահամարով: