Ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը՝ անչափահաս. ՔԿ՝ գողության դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված գողության դեպքերի մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը՝ անչափահաս:

2019թ. մարտի 8-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ. Պետրոսյան փողոցում գործող հագուստի խանութ-սրահից գողություն կատարելու մասին: Մարտի 12-ին տարբեր քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել նաև նույն վարչական շրջանում գործող վարսահարդարման սրահից և մթերային խանութից կատարված գողության դեպքերի մասին:

Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Որոշում է կայացվել՝  նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու,  քննչական խումբ ձևավորելու և քրեական գործի նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են գողության դեպքերի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են: Նրանցից  2-ը անչափահասներ են՝ ծնված 2001թ. , մյուս երկուսը՝ ծնված 2001 և 1988թթ.:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև վերը նշված անձանց կողմից Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող տարբեր խանութներից կատարված գողությունների վերաբերյալ:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, խուզարկություն, հարցաքննություն:

2019թ. մարտի 12-ին վերը նշված 4 անձինք ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու, ինչպես նաև նշված անձանց գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել