Մարտի 8-ին Երիտասարդ եվրոպական դեսպանները (ԵԵԴ) Հայաստանից բոլորին հրավիրել էին Իլիկ սրճարան՝ հավասար հնարավորությունների տոնավաճառի, որը նվիրված էր կանանց միջազգային օրվան: Միջոցառմանը հյուրընկալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Ծովինար Վարդանյանը, որոնք ներկաների հետ քննարկեցին իրենց հայացքներն օրվա խորհրդի վերաբերյալ: Տոնավաճառին մասնակցում էին Իրավաբանների հայկական ասոցիացիա, Կանանց Ձայն Ռադիոալիք, Girls in Tech, UFAR Junior Entrepreneurs կազմակերպությունները, որոնք ներկայացրեցին կանանց և աղջիկներին տրվող հնարավորությունները: Միջոցառումը կազմակերպվել էր Երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնության կողմից Կանանց միջազգային օրվան նվիրված (մարտի 8) արշավի շրջանակներում:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, Երիտասարդ եվրոպական դեսպան Մարիամ Զադոյանը ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ծավալված գործունեությունը՝ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես բարձրաձայնելով կանանց քաղաքական մասնակցության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրները։
ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը նկատեց, որ այսօր ՀՀ-ում առաջին հերթին կանանց դերը վերաիմաստավորելու խնդիր կա։ Նա խոսեց կանանց նկատմամբ բռնության, կանանց մասնակցության և մի շարք այլ հիմնախնդիրներից։ Նա նաև մտահոգություն հայտնեց առ այն, որ Հայաստանում գրեթե չունենք փողոցներ ու արձաններ, որոնք նվիրված են կանանց։
Նախաձեռնության անդամ Անդրանիկ Շիրինյանը նշեց, որ միջոցառմանը կին պատգամավորների մասնակցությունը հատուկ նպատակ ունի: «Քանի որ առաջ կանայք շատ քիչ են մասնակցել որոշումներ կայացնելու գործընթացներին, որոշեցինք նաև հրավիրել կին պատգամավորների, ցույց տալու համար, որ թեև քիչ, բայց կանայք ևս այսօր արդեն մասնակցում են որոշումներ կայացնելու գործընթացին»,- նշեց Անդրանիկ Շիրինյանը:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ուղղված է նպաստելու Եվրոպական միության (ԵՄ) ու Արևելյան գործընկեր երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությանը և կայուն կապերին: Ցանցը, հիմնականում, իրենից ներկայացնում է առցանց հարթակ, որը նպաստում է ԵՄ-ի վերաբերյալ գաղափարների ու տեղեկատվության փոխադարձ փոխանակմանը, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածությանը տեղեկատվական գործողություններում: Այն կենտրոնացած է մարդկանց միջև շփումների և երկխոսության վրա հիմնված գործողությունների վրա, որոնք իրենց նպաստն են բերում ԵՄ-ի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման և վերջինիս վերաբերյալ ընկալումների բարելավման, ինչպես նաև Արևելյան հարևանության հետ նրա հարաբերությունների բարձր գնահատանքի գործում: