««Պապայիդ», ով քեզ սովորեցրել է այսպիսի բաներ, կգնաս, կասես, որ դատվելու է». փաստաբանը՝ Հակոբ Հակոբյանի հետ ունեցած զրույցի մասին

Երեկ՝ մարտի 5-ին, Քննչական Կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստաբան Հայարփի Սարգսյանի վստահորդն առերեսվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է փաստաբանից:

«Վստահորդիս հետ առերեսվողը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի համասեփականատեր Հակոբ Հակոբյանը, հարցաքննության ավարտից հետո քննիչի ներկայությամբ վստահորդիս հետ անվայել խոսեց, մասնավորապես նշեց, թե բա՝ «պապայիդ», ով քեզ սովորեցրել է այսպիսի բաներ (այսինքն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել), կգնաս, կասես, որ դատվելու է, դու էլ ես դատվելու այս ամենի ավարտից հետո, իսկ երբ ես ցանկացա, որ նա պարզաբանի, թե դա արդյո՞ք սպառնալիք էր իմ վստահորդի նկատմամբ, թե արդյո՞ք իր օրենքներով է պատրաստվում դատել վստահորդիս, նա ինձ բազմանշանակ տոնայնությամբ ասաց. «Աղջի՛կ ջան, դու ինձ չես ճանաչում…»:

Փաստորեն, ՀՀ Քննչական Կոմիտեում դեռ հեղափոխություն չի եղել, քանի որ քննիչների ներկայությամբ այսպիսի սպառնալիքներ են հնչեցվում: Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա հարկ եմ համարում նշել, որ դա ենթակա է քննության ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, մինչդեռ նշված կառույցը հրաժարվում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի վերաբերյալ ներկայացվող հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցել քրեական գործ: Իսկ այն դեպքում, երբ ես ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը կասկած եմ հայտնել նշված քննչական բաժնում հնարավոր կոռուպցիոն ռիսկի մասին, բողոքս ուղարկվել է ՀՀ Քննչական Կոմիտե, որտեղից էլ հենց այդ նույն քննչական բաժին»,-նշում է Հայարփի Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել