Այսօր՝ մարտի 5-ին, տեղի ունեցավ Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ( ԿԵՀ) ծրագրի շրջանակում ստեղված Հայկական կրթական ցանցի կողմից կազմակերպված քննարկում` «Սոցիալական գործընկերության համայնքային մոդելի արդյունավետության ապահովման ուղիները» թեմայով:
Նշենք, որ Հայկական կրթական ցանցն իրականացնում է ԿԵՀ-ի կողմից տրամադրված դրամաշնորհային «Սոցիալական գործընկերություն, համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրը:
ԿԵՀ ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը ներկայացրեց ԿԵՀ ծրագիրը: Այնուհետև հավելեց, որ աշխատանքային հանդիպումը կազմակերպված է այնպես, որպեսզիհնարավորինս ազատ, անկաշկանդ քննարկում լինի:
«Քննարկմանը հրավիրվել են բոլոր հնարավոր շահագրգիռ կողմերը, որոնք այսօր միջին մասնագիտական կրթության ոլորտում, դպրոցներում, մասնագիտական կողմնորոշման, կարիերիայի խորհրդատվական համակարգի հետ կապված շահագրգիռ կողմեր են: Մեր կոնսորցիումը բավական երկար քննարկումներ ունեցավ, երբ ԵՄ-ի կողմիցն խնդիր էր դրված՝ Հայաստանում բարձրացնել ՄԿՈՒ և աշխատաշուկա կապի թույլ մակարդակը: Դրված էր նաև դպրոցներում մասնագիտական կողմնորոշման խորհրդատվական համակարգի ոչ կայուն և ինստիտուցիոնալ վիճակը»,-նշեց «Սոցիալական գործընկերություն, համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի ղեկավար Արտաշես Տոռոզյանը, ով նաև ներկայացրեց ծրագիրը, կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները:
Արտաշես Տոռոզյանի խոսքով, երկար քննարկումների արդյունքում սահմանվել են այն ծրագրի երկու ուղղությունները. առաջինը երկու խոշորացված համայնքներում՝ Գորիսում և Սիսիանում մշակել և ներդնել այնպիսի մի մոդել, որի կիրառման ժամանակ ի հայտ կգան աշխատաշուկայի և կրթական կողմից բարձրացված տարբեր խնդիրներ: Մյուսը՝ ՀԿ-ների մասնակցությամբ ոլորտում ձևավորել մի ցանց՝ կոալիցիա, որը կկարողանար ոլորտի քաղաքականության բարելավման առումով դառնար լուրջ դերակատար:
Արամ Ավագյանը, ով «Սոցիալական գործընկերություն, համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի փորձագետն է, ներկայացրեց խոշորացված համայնքներում ներդրված մոդելի գաղափարախոսությունը և դրա նախագծումը:
«Սոցիալական գործընկերություն, համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի փորձագետ Հայկուհի Գևորգյանը նշեց, որ ներդրված մոդելի նպատակներն են բարելավել խոշորացված համայքներում մասնագիտական կրթության ուսուցման առաջարկի և աշխատաշուկայի պահանջարկի համապատասխանությունը, ինչպեսև բարձրացնել կարիերայի խորհրդատվության արդյունավետությունը:
«Հասարակական կարծրատիպեր կան, որոնք հատկապես խորհրդային տարիներից են դեռ պահպանվում, օրինակ, որ մասնագիտության ընտրությունը ծնողների որոշումն է, մասնագիտության ընտրությունը հիմնավորված չէ մասնագիտությամբ կամ զբաղմունքով, այսինքն երեխաներն ընտրում են մասնագիտություն՝ հիմք ընդունելով իրենց առարկայական նախասիրությունները, առանց հաշվի առնելու, թե տվյալ առարկան ինչ արժեքներ ունի կամ ինչի հիման վրա են դրանք սիրում, նախընտրում: Կարծրատիպեր կան կրթության համակարգերի հետ կապված: Ծնողների հետ աշխատանքի կազմակերպման ժամանակ, որքան էլ փորձենք հանրակրթության վրա այդ գործառույթը դնել, շատ դժվար է այն դեպքում, եթե մենք դպրոցներում չունենք մասնագիտական կողմնորոշման ծառայություն իրականացնող մասնագետ, որը վճարվում է այդ աշխատանքի համար»,-նշեց Հայկուհի Գևորգյանը:
Նրա խոսքով, մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ դպրոցներում անցկացվող մասնագիտական կողմնորոշման աշխատանքներում ինչպեսև քոլեջներում և ուսումնարաններում ուսանողների կարիերայի ուղղորդման աշխատանքներում անհրաժեշտ է աջակցություն:
Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: