Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նոր նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է լրացում կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքում, որով կարգելվի կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքների, հետազոտությունների և այլ գործնական աշխատանքներ կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը:
Կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն եւ այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը կառաջացնի տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:
Պատգամավորը օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորում է կրթության կազմակերպման ու որակյալ արդյունքներ ապահովելու գործին էականորեն խոչնդոտող, անթույլատրելի ծառայությունները հանրային հարթակներում խրախուսող ու իրական գիտելիքների ձեւավորմանը խանգարող ծառայությունների կանխումը, ինչպես նաեւ որոշակի անթույլատրելի ծառայությունների գովազդի նկատմամբ վերահսկողության եւ պատասխանատվության հիմքերը սահմանելը։
«Խնդիրն այն է, որ հանրակրթական եւ մասնագիտական կրթության տարբեր մակարդակների ծրագրեր ուսումնառելու կամ գիտական ուսումնասիրություններ ու ատենախոսություններ պատրաստելու պարտադիր նախապայման է սովորողի կամ հետազոտողի ինքնուրույն աշխատանք կատարելու հանգամանքը։ Մինչդեռ գովազդի տարբեր միջոցներով (արտաքին, էլեկտրոնային, ինտերնետային եւ այլն) եւ սոցիալական ցանցերով անարգել տարածվում է ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային եւ այլ ավարտական աշխատանքներ կատարելու, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու ծառայություններ, որոնք ուղղակիորեն միջամտություն են կրթության եւ գիտության արդյունքների կեղծմանը, հետեւաբար նաեւ՝ հարված որակի ցուցանիշներին, շրջանավարտի իրական ձերքբերումներին ու աշխատաշուկայում վստահության նվազեցմանը։
Այսպես օրինակ` kursayin.am կայքի տվյալներով հայտարարվում է. «Ավելի քան 12 տարի մենք համարվում ենք կրթության ոլորտի առաջատար ծառայություններ մատուցող ընկերություն: Մեր ընկերության նպատակն է բարձրակարգ եւ որակյալ ծառայությունների տրամադրումը բոլոր տեսակի ուսումնական եւ ուսանողական աշխատանքների պատրաստման եւ պաշտպանության ոլորտում: Ընկերությունը կատարում է ցանկացած առաջադրանքներ՝ անկախ դրանց բարդության աստիճանից: Մեզ համար անիրագործելի առաջադրանք չկա: Յուրաքանչյուր պատվիրատուի նկատմամբ կիրառվում է անհատական մոտեցում: Անվերապահորեն հաշվի ենք առնում պատվիրատուի բոլոր ցանկություններն ու առաջադրված ժամկետները: Մեր փորձառու մենեջերները կտրամադրեն Ձեզ ծառայություններին վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Մենք սիրում ենք մեր աշխատանքը եւ ապահովում ենք յուրաքանչյուր պատվերի գերազանց կատարումը:»։
Եվ այս գովազդին հաջորդում է գործը. սովորողը կարող է պատվիրել իր ցանկացած առաջադրանքը, աշխատանքի կատարման պլանը, ծավալը, ժամկետը եւ իր պատվիրած ժամկետում ստանալ պատրաստի աշխատանք։ Կարող է նաեւ ձեռք բերել արդեն պատրաստի աշխատանքը»,-նշել է պատգամավորը։