Լուրջ բանավեճի թեմա է, թե ինչ լիազորություններ պետք է ունենա հակակոռուպցիոն մարմինը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կոռուպցիայի ողնաշարը ջարդված է, սակայն հակակոռուպցիոն պայքարի համար ինստիտուցիոնալ հենարանների կարիք կա. այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:

Նա նշեց, որ կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկն այն է, որ պետք է ուժեղացնել այն լծակները, որոնցով հանրություն հնարավորություն կունենա վերահսկել, թե պետական պաշտոնյան կամ  նույնիսկ պաշտոնի հավակնորդ անձն ինչ գույք ու եկամուտներ ունի:

Օրինակ, տվյալ դեպքում պաշտոնյան կամ պաշտոնի հավակնորդը լիազորում է լիազոր մարմնին, որպեսզի վերջինս տեղեկություններ հավաքի իր եկամուտների ու գույքի մասին և հանրության համար հասանելի դարձնի դրանք:

Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանին միանշանակորեն պետք է անկախ հակակոռուպցիոն մարմին. «Լուրջ բանավեճի թեմա է, թե ինչ լիազորություններ պետք է ունենա այն՝ քննչական, հետաքննչական, օպերատիվ-հետախուզական… Դա բոլորվին ուրիշ թեմա է, որը պետք է ամենայն մանրամասնության քննարկել»,- ասաց նա ու նշեց, որ հավանական է մարմնի ստեղծումը իրականացնել փուլային տարբերակով:

Անդրադառնալով դատական համակարգին՝ նշեց, որ կառավարությունն ունի քաղաքական կամք, որպեսզի դատարանները գործեն անկախ և չի շեղվելու իր այդ ընտրած ուղղուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել