Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2019 թվականի հունվարի 28-30-ը Բելառուսի Հանրապետություն՝ Մինսկ կատարած աշխատանքային այցի հաշվետվությունը:
Գործուղման նպատակն էր (աշխատանքային ո՞ր խնդրի լուծման համար էր նախատեսված գործուղումը) երկկողմ բանակցություններ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարի հետ` առավել նախընտրելի, փոխշահավետ փոխգործակցության ուղղություններով համագործակցությունը զարգացնելու նպատակով:
Հաշվետվության մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի լայն շրջանակից հիմնական թեմաներն էին օրգանների փոխպատվաստումը, դեղագործությունն ու դեղարտադրությունը, ինչպես նաև ուռուցքաբանությունը, սիրտ-անոթային վիրաբուժությունը:
Հաշվի առնելով Բելառուսի առաջընթացը տրանսպլանտալոգիայի ասպարեզում՝ այցի ընթացքում քննարկվել են այդ ոլորտում Բելառուսի կողմից Հայաստանին մասնագիտական, իրավական և փորձագիտական աջակցության հնարավորությունները:
Միաժամանակ, կողմերը քննարկել են Հայաստանի քաղաքացիների համար Բելառուսում բուժօգնություն կազմակերպելու ուղղությամբ առկա խնդիրները` հաշվի առնելով ԱՊՀ, ԵԱՏՄ երկրների միջև ստորագրված համաձայնագրերը և այլ իրավական ակտեր կիրառելու անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև հետագա երկկողմ համագործակցության ուղղությունները, ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ համագործակցության շուրջ: Մասնավորապես, շուտով կողմերը կոնկրետ համագործակցության շուրջ Հուշագիր կստորագրեն` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայությունը զարգացնելու նպատակով:
Հանդիպումների ընթացքում պայմանավորվածության հիմնական ուղղություն է եղել օրգանների փոխպատվաստման ոլորտում գործնական համագործակցության ծավալումը, դեղերի ոլորտում համագործակցության զարգացումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների առաջատար կլինիկաների միջև ստորագրել փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայությունը զարգացնելու նպատակով: Կողմերը երկկողմ ուղղակի կապեր ստեղծեցին նաև դեղագործության ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով:
Արսեն Թորոսյանը հաշվետվության մեջ նշել է նաև, որ կողմերը ջանքեր են ներդնելու ստանձնած պարտավորություններն իրականացնելու ուղղությամբ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ամրապնդել համագործակցող կողմերի միջև առկա փոխշահավետ կապը: Բելառուսական կողմը աշխատանք կտանի նաև իրենց երկրներում մշտական բնակություն հաստատած ու աշխատող ՀՀ քաղաքացիների բուժսպասարկման ոլորտում ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ:
Պատրաստվելու է նաև երկկողմ Հուշագիր` Հայաստանում փոխպատվաստման ծառայությունը զարգացնելու նպատակով ստորագրելու համար: Հուշագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկա ամիսներին:
Դեղարտադրության և դեղերի շրջանառության ոլորտում ևս կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու միմյանց ընկերությունների միջև գործնական կապերը խորացնելու ուղղությամբ: