Համակուրսեցու սպանության համար ցմահ դատապատված Մհեր Ենոքյանի կինը՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանը հայտաարություն է հրապարակել.
«Հայտարարություն իրավունքի իրացման դեմ հակաիրավական միջոցների կիրառման մասին
Միամտաբար հավատում էի, որ Նոր Հայաստանում նեղ խմբային շահերը, հակաիրավականությունը, վերօրենսդրական մեթոդները, բիրտ ճնշումները, մարդուն բանտում թաղելու մասին ստորագրությունները չեն կարող ազդեցություն ունենալ հեղափոխական վարչապետի որոշման վրա: Մտածում էի, որ դուխով կնայի փաստերը, կտեսնի, որ Մհերը, անկախ բանտային 23 դժոխային տարիներից, կենսագրության թռիչքային զարգացում է գրանցել՝ իրավաբանի բարձրագույն կրթություն, ընտանիքի կազմում, աշխատանք, 6 գրքի, օրենսդրական առաջարկների հեղինակում, հասարակական ակտիվ վարքագիծ և այլն: Այսինքն՝ այն, ինչը պիտի իրականում քննության նյութ դառնար ներման պարագայում, ըստ ներման մասին օրենքի:
Բայց հիմա արձանագրում եմ, որ Մհերին ազատություն չշնորհելու վարչապետի որոշման վրա ազդեցին.
1. Մեկ կենտրոնից կառավարվող ֆեյսբուքյան երկրորդ դատաստանը՝ յուր տգետ ֆեյք-դատավորներով, նույնպիսի դատախազներով ու քննիչներով
2. Դեղին մամուլի վայրենի, ոհմակային հարձակումները,
3. Անդեմ, անգույն, հեշտ կառավարելի, անսեր, չբավարարված ամբոխը
4. Նոր Հայաստանում լևոնառոբերտասերժական կադրերով պետական մարմինները շրջապատելը
5. Հակահեղափոխական նեղլիկ շահեր սպասարկողների արշավը
6. Եվ վերջապես ամենակարևորը՝ տուժող ճանաչված ընտանիքի ունեցած բարձր հասարակական դիրքը, բժիշկների ստորագրությունները և Մհերի ազատմամբ այս քրեական գործի իրական բացահայտման հասնելու վտանգը:
Մեր իրավունքների տոտալ խախտումները սկսվեցին, երբ ներման հանձնաժողովից դռնփակ քննարկվող հարցը (ի դեպ, միայն Մհերի պարագայում) ապօրինաբար հասանելի դարձավ այդ գործընթացի կողմ չհանդիսացող ընտանիքին:
Եվ հանրությունը տեսավ ճնշումն էլ, ճնշողներին էլ, ճնշման չափն էլ, ճնշման մեթոդներն էլ: Սա իրավագիտակից, ազատության, արդարության, սիրո պահանջ ունեցող անհատների պարտությունն է: Բայց ցանկացած զարգացած հասարակությունում շարժիչ ուժը հենց այդպիսի անհատն է, ուստի իրավական պետություններն ամեն ջանք գործադրում են այդպիսի անհատներ ունենալու համար: Իսկ մեր՝ դե ֆակտո ոչ իրավական պետությունը իրավունքի իրացումը պայմանավորում է՝ տերովի ու անտերի կարգախոսով:
Փաստորեն, նորից բարձր կապեր ունեցողները ամեն ինչ են, նրանք ստորագրություններ կբերեն մարդու իրավունքը իրացնելու դեմ, այնպես, ինչպես 23 տարի առաջ՝ ծայրագույն պատժի պահանջով և թույլ չեն տա իրավուքի իրացում: Իսկ դատապարտյալի իրավունքը զրոյական արժեք ունի: Վերջապես Նոր Հայաստանում տերովների ու անտերների կծիկը պիտի քանդվի՞, թե՞ մնալու ենք ոչ իրավական պետության բարդույթի մեջ:
Իմ ողջ անցած ճանապարհը եղել է ու կա պայքար հանուն իրավական պետության կայացման, որտեղ որոշողը պետական մարմիններն են՝ օրենքի ու իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա, այլ ոչ թե այս կամ այն վերօրենսդրական չգրված դրույթները՝ ելնելով որևէ կողմի ազդեցիկության աստիճանից, հասարակական դիրքից: Պետությունը չի կարող կույր վրեժխնդրության գործիք լինել տերով տուժողների և անպատժելիության գործիք՝ տերով մեղադրյալների ձեռքին: Օրենքի միատեսակ կիրառությունը Նոր Հայաստանում այլընտրանք պիտի չունենա, իսկ սելեկտիվ մարդասիրությունն ու սելեկտիվ արդարադատությունը մերժելի պիտի լինեն:
Շնորհակալություն բոլոր իրավագիտակից, սիրող անհատներին, որոնք քար չգցեցին մեզ վրա, այլ բարի խոսքով ու գործերով աջակցեցին այս ծանր շրջանում: Շնորհակալություն իրական մեդիային, նաև մարդ-պաշտոնյաներին:
Հ.Գ. Իրավունքը որևէ մեկը չի նվիրում, իրավունքը ցանկացած ժամանակ նվաճել են: Մենք կնվաճենք մեր իրավունքները: Կհանդիպենք Մհերի արդարացման դատավճռի օրը»: