Կադաստրի կոմիտեն ու նրա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն օրերս Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնեցին 30 տրանսպորտային միջոց՝ կատարելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 13-ի որոշումը։ Նպատակը պետական միջոցների առավել արդյունավետ օգտագործումն է։ Ծառայողական ևս 3 ավտոմեքենա Կոմիտեն պատրաստվում է տրամադրել Քաղաքաշինության, տեխնիկակական և հրդեհային տեսչական նորաստեղծ մարմնին։
Այս մասին հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից:
Այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությանը՝ հունվարի 8-ին, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը տրանսպորտային միջոցների վերադարձի գործը հանձնարարեց գլխավոր քարտուղարի տեղակալ Գագիկ Եգանյանին։ Իսկ Կոմիտեի հաշվեկշռում մնացած մեքենաների վերահսկողությունը՝ տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանին, որը պետք է ավտոմեքենաների գույքագրում կատարի՝ լուսանկարներով և տվյալների բազայով, թե յուրաքանչյուր մեքենա տեխնիկապես ինչ վիճակում է։ Հանձնարարվեց վերլուծել և ներկայացնել տվյալներ, թե քանի վարորդ, որքան բենզին և այլ միջոցներ են անհրաժեշտ նրանց շահագործման համար։ Ապա պատվիրեց, որ ծառայողական մեքենաների նորոգման, բենզինի հետ կապված ցանկացած հարց լուծվի միմիայն գրավոր եղանակով.
«Անցյալ տարի խնայողություն ենք ունեցել ոլորտում, այս տարի էլ կշարունակենք, և խնայված միջոցները դարձյալ կուղղենք աշխատակիցների խրախուսմանը»։