Արգելվում էր մինչև 12 տարեկանների երթևեկությունն առանց ամրագոտիների կամ մանկական ամրատեղի. կառավարության որոշում

Ավտոմեքենաներում պե՞տք է տեղադրել մանկական ամրատեղ, թե՞ ոչ. համացանցում ակտիվորեն կողմ ու դեմ փաստարկներով քննարկվում է ճանապարհային անվտանգության կարևորագույն հարցերից մեկը․ ոմանք այն համարում են ճոխություն, ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է։ Այս մասին հայտնում են ճանապարհային անվտանգության ազգային խորհրդից:
Անդրադառնանք հարցին մասնագիտական տեսանկյունից։ Որպես անվտանգության բարձրացման միջոց տեսականորեն հարցն աներկբայորեն ընդունելի է թերևս բոլորի համար։ Սակայն ամրատեղերի գործնականում կիրառումն արդեն խնդիրներ է առաջ բերում մի քանի առումներով։
Մինչ դրանց անդրադառնալը, կարեւոր նշում․
Կառավարության 28 հունիսի 2007 թվականի N 955-Ն որոշմամբ արդեն իսկ արգելվում էր մինչև 12 տարեկանների երթևեկությունն առանց ամրագոտիների կամ մանկական ամրատեղի։ Նոր փոփոխությունն ընդամենը լրամշակում է։
Այսուհանդերձ, ինչպես նախորդը, այնպես էլ առաջարկվող տարբերակը որոշակի հարցեր են առաջացնում՝
  1. Ի՞նչու է ընտրվել տարիքային շեմ մինչեւ 12 տարեկան։ Պետք է նախևառաջ հաշվի առնել ոչ թե տարիքը կամ քաշը, այլ հասակը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանում է տարիքի հետ կապված հասակի միջինացված չափանիշներ, որոնցից օգտվելով կարելի է նշել, թե մինչև որ հասակն է անհրաժեշտ կիրառել մանկական ամրատեղեր կամ ամրագոտիներ, քանի որ օրինակ՝ 11 տարեկան երեխան գուցե ունենա 13 տարեկանին բնորոշ հասակ, կամ հակառակը։ Նման դեպքում շեշտել 7-12 տարեկանը նպատակահարմար չէ։ Այսպիսով՝ չափանիշը տարիքը չպետք է լինի։
  2. Ի՞նչ անել այն դեպքերում, երբ տվյալ ավտոմեքենան ապահովված չէ ամրագոտի կամ մանկական ամրատեղ ունենալու հնարավորությամբ. անվտանգություն ընտրողաբա՞ր։
  3. Ինչպե՞ս լուծել տեղի խնդիրը երկուսից ավելի մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների դեպքում։
  4. Ինչպե՞ս է օրենքը գործելու տաքսիների դեպքում, որոնց մեծ մասը նույնպես կահավորված չէ կամ հանրային տրանսպորտում, որտեղ հնարավոր չի լինի օրենքի կիրառումն օբյեկտիվ պատճառներով, թե՞ չի գործելու։
Ուրախ ենք արձանագրել, որ ոլորտի նկատմամբ կա հանրային մեծ հետաքրքրություն ու սրտացավություն, ինչը ողջունելի է։ Սակայն առաջարկում ենք մինչև օրենքի փոփոխությունը նախապատրաստել ինչպես հանրությանը, այնպես էլ ենթակառուցվածքները։ Հնարավոր է հասնել նրան, որ պետությունը որոշակի ֆինանսական աջակցության, վարձակալության կամ դրամաշնորհային ծրագրերի միջոցով ապահովի Հայաստանի փոքրիկ քաղաքացիների կյանքի անվտանգությունը։ Դրան զուգահեռ արդեն պետք է աստիճանաբար պարտադիր դարձնել ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ հանրային տրանսպորտում և տաքսիներում ամրագոտու և մանկական ամրատեղերի կիրառումը։
Որպես ոլորտում երկարամյա փորձառություն ու մասնագիտական լուրջ ներուժ ունեցող կազմակերպություն՝ առաջարկում ենք նախ անցկացնել հանրային քննարկում, որը մեծապես կօգնի խնդիրների բազմակողմանի բացահայտմանը և լուծումների նախանշմանը, ինչպես նաև հանրության լայն շրջանակների իրազեկության մակարդակի բարձրացմանը՝ ճանապարհային անվտանգության առումով։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել